Պետական կառավարման մարմինների ՏԱ վարկանիշը 2016թ.-ին. ԻԱԿ
Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երրորդ անգամ Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատեց պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: 2014թ.-ից ի վեր մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են երեք բաժնից հիսուներեք հարցից բաղկացած հարցաշարով: 2016թ.-ի արդյունքները ներառում են 2015թ.-ի սեպտեմբերի 28-ից 2016թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։ Այս տարի ինդեքսն ունի երկու հիմնական առանձնահատկություն. նախ, երեք տարիների ընթացքում առաջին անգամ կան գերատեսչություններ, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի հարցաշարը, երկրորդ՝ ի տարբերություն նախորդ տարիների եւ ՏԱ իրավունքի զարգացման պրակտիկային հակառակ՝ այս տարի մարմիններն ընդհանուր առմամբ վատացրել են իրենց ցուցանիշները: Հարցաշարին չպատասխանած մարմիններին կանդրադառնանք քիչ հետո, իսկ այժմ նշենք, որ 2016թ.-ի ինդեքսի համաձայն՝ գնահատման ենթարկված բոլոր մարմինները վատթարացրել են իրենց նախորդ տարվա ցուցանիշը հիմնականում այն պատճառով, որ տեղեկություն տնօրինողները վատացրել են իրենց աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու հարցում: Օրինակ, 2015թ.-ին առաջատարների տասնյակում հայտնված Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արարատի մարզպետարանները ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել էին լիարժեք եւ ժամանակին ու ստացել տվյալ բաժնում ամենաբարձր՝ 25 միավոր: Այնինչ 2016թ.-ին Կոտայքի եւ Արմավիրի մարզպետարաններն այս նույն (ՏԱ հարցումների պատասխանները գնահատող բաժնում, որը ինդեքսի 1-ին բաժինն է) ունեն 20 միավոր, Արարատն ու Լոռին՝ 21 միավոր, Սյունիքը 17, իսկ Վայոց Ձորը 13 միավոր: Իսկ օրինակ գյուղատնտեսության նախարարությունը 2015թ.-ի 20 միավորի փոխարեն 1-ին բաժնում հավաքել է 25 միավոր եւ ընդհանուր 85 միավորով զբաղեցրել 2-րդ տեղը: Հատկանշական է, որ այս առաջընթացը նախարարությունն արձանագրել է միայն հարցումների պատշաճ պատասխանելու հաշվին, իսկ ինդեքսի մնացած բաժինների ցուցանիշը նախարարության համար նույնն է, ինչ 2015թ.-ին: Ընդհանուր տվյալներ Այսպես, հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի 2016թ. գնահատման արդյունքում տեղեկություն տնօրինող որևէ մարմին չի կարողացել հավաքել 100 միավոր: Նույն պատկերն էր նաև նախորդ երկու տարիներին: Ավելին, եթե 2015թ.-ին Կոտայքի մարզպետարանը հավաքել էր 89 միավոր, ապա այս տարի առաջատար Առողջապահության նախարարության հավաքած միավորների շեմն ավելի է հեռացել 100 միավորից՝ կազմելով միայն 86 բալ։ Առաջատարները 2016թ.-ին հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի լավագույն հնգյակը կազմում են. ՀՀ առողջապահության նախարարություն` 86 միավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 85 միավոր, ՀՀ արդարադատության նախարարությունը և Կոտայքի մարզպետարանը՝ 84 միավոր, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ Տավուշի մարզպետարանը` 83 միավոր, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Վայոց Ձորի մարզպետարանը՝ 81 միավոր: Մանրամասներն՝ այստեղ