Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
seyran-1

Վերջին ժամանակահատվածում շփման գծում լարվածության միտումներ չկան: Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու փաստին, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև՝ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: «Մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց պայմանավորվածությունը կատարվում է՝ ծանր հրետանի չի կիրառվել, միայն հրաձգային զենքից են կրակոցներ եղել: ԼՂՀ ՊԲ դիրքապահները ուշադիր հետեւում են եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներն են ձեռնարկում»: Ինչ վերաբերում է Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպմանը, ապա պարոն Օհանյանը նշեց, որ ՀՀ դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցները, որոնք խորությամբ տիրապետում են բանակցային ողջ գործընթացին եւ հանդիպումներին. «Մեր ակնկալիքն այն է, որ մեր առաջադրած տարբերակը կատարվի, այսինքն՝ ԼՂ հակամարտության խնդիրը լուծվի միմիայն քաղաքական խաղաղ պայմաններում, երկխոսության, փոխադարձ համաձայնությունների, ամենակարեւորը վստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակներում»: Հողերի հանձնման մասին հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ այս իրավիճակում, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնել քառօրյա պատերազմից հետո, սադրանքների այս մասշտաբները բերում են նրան, որ շարունակվում է շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ մերժումը հակառակորդի կողմից. «Դա մեզ հնարավորություն է տալիս խոսելու, որ առանց վստահության մթնոլորտի ձեւավորման մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականին եւ այն լուրերին, թե իրեն էլ կառաջադրեն որպես փոխվարչապետ. «Բոլորս էլ գիտենք՝ ինչպես է ձեւավորվում կառավարությունը՝ սպասենք ձեւավորմանը: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, ապա յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու, եւ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ամեն ինչի մասին ասել է»: Նա խոսեց նաեւ ՀՀԿ կողմից Կարեն Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու երաշխավորմանը՝ արդյոք Կարեն Կարապետյանը կկարողնա՞ լիարժեք տիրապետել ՀՀ-ում առկա խնդիրներին ու կառավարել տնտեսությունը, երբ տեւական ժամանակ բացակայել է երկրից. «Հանրապետության ղեկավարությունն ավելի լավ է տեսնում՝ ով, ինչ ընդունակություններ ունի: Նա մեր հայ իրականության համար նոր անձ չէ, նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է ՀՀ-ում, եւ կարծում եմ՝ իր ամբողջ ներուժը կներդնի մեր կառավարությունը ղեկավարելու համար»: