«Պաշտոնատար անձինք կարծես վրեժխնդիր են լինում» պաշտպան
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: «Անվերահսկելի վիճակ է, պաշտոնատար անձիք կարծես վրեժխնդիր են լինում: Պետության հարկադրանքի ապարատը իրենց շահերի, վրեժխնդրության համար են օգտագործում»,- «Ա1+»-ին ասաց Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: 72-ամյա Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: «Հանցավոր համագործակցություն գոյություն չունի: Մինչեւ հիմա հաշվի չառան դա եւ շարունակում են նախաքննությունը»,- ավելացրեց պաշտպանը: Հովիկ Արսենյանի խոսքերով՝ թեեւ նախաքննական մարմինը կալանքի ժամկետն է երկարացնում, սակայն Գառնիկ Մարգարյանի մասնակցությամբ 3-ից 4 ամիս է քննչական գործողություններ չեն կատարվում: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահն անազատության մեջ է հունվարի 14-ից՝ արդեն 9 ամիս: