«Եթե վարչապետը անուններ տա, ես կհավատամ փոփոխությունների» (տեսանյութ)
«Երբ մենք խոսում ենք հրաժարականների մասին, մենք մոռանում ենք այն իրադարձությունները, որ ապրիլից մինչեւ հուլիս եղան Հայաստանում, դա եւ ապրիլյան պատերազմն է, եւ սահմանային բախումները, եւ «Սասնա ծռերի» երեւույթն էր: Այդ բոլոր երեւույթները փաստում են, որ Հայաստանում հասունանում է սոցիալական դժգոհությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Նրա դիտարկմամբ՝ վարչապետի պաշտոնանկությամբ, իշխանությունը փորձում է մինչեւ ընտրությունները հասարակական դժգոհությունը վերածել հասարակական սպասման։ Անդրադառնալով ձեւավորվելիք կառավարության լիազորություններին եւ արտոնություններին՝ Անուշ Սեդրակյանն ընդգծեց, որ եթե վարչապետն ու կառավարությունը պայքարեն ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ, ապա կարելի է խոսել իրական փոփոխությունների մասին: «Բոլոր վարչապետները, որ եկել եւ սկսել են իրենց պաշտոնավարումը, խոսք են տվել, որ պայքարելու են մենաշնորհների դեմ եւ լուծելու են, այսպես կոչված, ռեսուրսների սպառման թափանցիկության խնդիրը՝ մոռանալով ասել, որ Հայաստանում թե մենաշնորհները, թե ռեսուրսներին տիրապետող խմբերը խիստ թափանցիկ անվանական խմբեր են: Եթե վարչապետը սկսի կոնկրետ անվանական տալ մենաշնորհներ ունեցողների անունները եւ նրանց դեմ պայքարի մեթոդները, ես կհավատամ, որ Հայաստանում նոր տնտեսական լիազորություններով եւ ազատություններով ինչ-որ փոփոխություն կլինի»,-ասաց բանախոսը: