Եզդի համայնքը վիրավորվել է Գուրգեն Արսենյանի հայտարարությունից (տեսանյութ)
Այն, ինչ տեղի է ունեցել Իրաքի եզդիների հետ, ցեղասպանություն է, որի արդյունքում ավելի քան 25 հազար մարդ է զոհվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երիտասարդ եզդիների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սայիդ Ավդալյանը; Նրան վրդովեցրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Եզդիների նկատմամբ Իսլամական պետության կողմից իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 20-25 հազար եզդիների սպանդը ցեղասպանության ֆորմատի մեջ չի մտնում: «Իրաքում նախքան ցեղասպանությունն ապրում էր մոտ 1-1,5 մլն եզդի, ի~նչ է պարոն Արսենյանի կարծիքով պետք է 1,5 միլիոն եզդի՞ կոտորվեր, որպեսզի դա Ցեղասպանության ֆորմատի մեջ մտներ։ Հիշեցնեմ պարոն Արսենյանին՝ ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաների համաձայն, եթե 3 հոգի զոհվում են հավատքի կամ ազգային պատկանելության պատճառով, ապա դա ցեղասպանություն է»,-ասաց Ս.Ավդալյանը: Նրա դիտարկմամբ, զոհերի թիվը, սակայն, կարող է շատ ավելին լինել, քանի որ դեռեւս շարունակում են հայտնաբերել եզդիների եղբայրական գերեզմանոցներ, որտեղ ամփոփված են 400-500 մարդկանց դիեր: Իրական զոհերի թիվը պարզ կդառնա միայն Իրաքում մարդահամար անցկացնելուց հետո: Նշենք, որ նախագիծը հանձնաժողովում քննարկման է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։