Վենգերը հրաժարվել է նստել Մոուրինյոյի կողքին
Ֆուտբոլի հանրահայտ մասնագետներ ժոզե Մոուրինյոն եւ Արսեն Վենգերը շարունակում են հակակրանք դրսեւորել միմյանց հանդեպ: Ինչպես տեղեկացնում է իսպանական Մարկա թերթը, դա հերթական անգամ արտահայտվել է ՈՒԵՖԱ-ի նստավայում կազմակերպված առաջատար մարզիչների ֆորումի ժամանակ: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Ժոզե Մոուրինյոն ցանկացել է նստել Արսեն Վենգերի հարեւանությամբ գտնվող աթոռին, սակայն ֆրանսիացի մասնագետը ասել է, որ դա հնարավոր չէ: Պորտուգալացի մարզիչը սկանդալից զերծ մնալու համար, ստիպված նոր տեղ է փնտրել: Նշենք, որ երկու մասնագետները թշնամացել են դեռեւս 2004 թվականին, երբ պորտուգալացին գլխավորել է Լոնդոնի «Չելսին» եւ դարձել ֆրանսիացու անմիջական մրցակիցը չեմպիոնական պայքարում: Ժոզե Մոուրինյոն իր հարցազրույցներում բազմիցս քննադատել է Արսեն Վենգերին՝ նշելով, որ նրա մոտ բացակայում են հաղթող մարզչի հատկանիշները: Վերը նշված միջադեպից հետո բոլորը անհամբերությամբ սպասում են երկու մարզիչների հերթական հակամարտությանը: Արսեն Վենգերի «Արսենալը» եւ Ժոզե Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդը» իրար հետ հանդիպելու են նոյեմբերի 19-ին, Մանչեսթերում: