«Մեժռեգիոնգազ»-ի կայքից Կարեն Կարապետյանի տվյալները հանվել են. ՀԺ
Երեկ ամբողջ օրը քաղաքական կուլիսներում շրջանառվում էր լուրը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա ղեկավարած կառավարությունը հրաժարական են տալու, եւ վարչապետ է նշանակվելու «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Հիշեցնենք, 2011 թվականին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա նշանակվեց ռուսական «Գազպրոմբանկի» փոխնախագահ, ապա «Գազպրոմ» ընկերության դուստրը հանդիսացող «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման եւ ռազմավարության գծով տեղակալ։ Որոշ տեղեկությունների համաձայն, Կարապետյանն արդեն այդ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Երեկ երեկոյան «Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից Կարեն Կարապետյանի տվյալներն արդեն ջնջված էին։ Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, «ՀԺ»-ի տեղեկություններով, կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում, եւ այդ հարցը քննարկվելու է այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում։ Չի բացառվում, որ Աբրահամյանի հրաժարականը հնարավորինս ոչ սկանդալային ներկայացնելու նպատակով այդ պաշտոնանկությունը իշխանությունների կողմից կրկին մեկնաբանվի այն պատճառաբանությամբ, թե նա 2017թ. խորհրդարանական ընտրություններին նշանակվելու է ՀՀԿ շտաբի պետ։ Ավելին՝ թերթի այսօրվա համարում։