«G20-ը կարող է շղթայական ռեակցիա ունենալ Հայաստանի համար»
Չինաստանում տեղի ունեցած G20-ի հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններն անմիջականորեն կարող են առնչվել նաեւ ՀՀ-ին՝ հաշվի առնելով Սիրիայի գործոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը՝ ավելացնելով. «Սիրիան բավականին մոտ է մեզ, եւ հակամարտության ցանկացած կարգավորում մեզ համար շատ ձեռնտու կլինի: Դա շղթայական ռեակցիա կունենա»: Ինչ վերաբերում է Օբամա-Պուտին նմանատիպ հանդիպումներին, ապա Սուրեն Զոլյանի կարծիքով, նման պայմանավորվածություններ շատ են եղել, ու արդյունքում որեւէ տեղաշարժ չի եղել. «Այս անգամ եւս գերտերությունների ղեկավարները շարունակում են պնդել, որ մնալու են իրենց դիրքերում»: Ըստ նրա՝ այս քննարկումներում Թուրքիայի ներխուժումը փոխում է իրավիճակը, քանի որ նրա ներկայությունը կարող է ինչ-որ ձեւով ապակայունացնել իրավիճակը Սիրիայում: Քրդական գործոնը Թուրքիայի համար շատ զգայուն թեմա է»: Ի պատասխան դիտարկմանը՝ արդյոք G20-ի այս հանդիպումների արդյունքում աշխարհի քարտեզի նոր վերաձեւում կլինի, պարոն Զոլյանը չբացառեց՝ նկատի ունենալով Սիրիայի եւ Իրաքի Քրդստանների հնարավոր ստեղծումը: