«Քաղաքական դաշտում ուշագրավ ալիքներ կլինեն» (տեսանյութ)
Հայաստանի ներքին քաղաքականությունում մոտակա ամիսներին փոփոխություններ կլինեն, կնկատվի աշխուժություն թե ընդդիմության, թե իշխանության կողմից. կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Մենք կունենանք հետաքրքիր, ուշագրավ ալիքներ: Սակայն կարծում եմ՝ այդ ակտիվացումները իշխանությունների համար անվտանգ են լինելու, որովհետեւ բոլորը նախընտրական թոհուբոհի մեջ են լինելու»: Ըստ քաղաքագետի՝ բացառված չեն նաեւ նոր քաղաքական ուժերի դաշինքները՝ ընտրություններին արդյունավետ մասնակցելու համար. «Այս պահին ոչ իշխանական թեւում, ոչ ընդդիմադիր թեւում վերջնական չեն որոշել, թե ինչ ձեւով են մասնակցելու նախընտրական պայքարին, բայց որ հետաքրքրությունը մեծ է լինելու, դա փաստ է»: Սերգեյ Մինասյանը չափազանց ցածր է գնահատում իշխանության հանդեպ ժողովրդի վստահության մակարդակը: Ըստ նրա, այն ավելի կորցրեց իր դիրքերը հատկապես հուլիսյան դեպքերից հետո. «Չեմ կարծում, որ որեւէ գործողություն այդ վստահությունը կարողանա վերականգնել, անգամ եթե, օրինակ, որոշեն կառավարություն փոխել: Իրենք այլ բան պետք է մտածեն, դա պետք է լինի ասենք քաղաքական դաշտի բացումը, այսինքն՝ ընդդիմադիրների ներգրավվածությունը կառավարության մեջ»: Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Սերգեյ Մինասյանը ոչ մի լուրջ փոփոխություն չկանխատեսեց. «Դժվար թե մենք որեւէ լուրջ առաջխաղացում ունենանք Արցախի հիմնախնդրի լուծման ոլորտում: Մենք չենք կարող սպասել, որ կողմերից մեկը միակողմանի զիջումների կգնա: Հենց դրա համար էլ կտրուկ զարգացումներ բանակցային գործընթացում մենք չենք ունենա»: