Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը գոհ է հայ օլիմպիականների ելույթներից (տեսանյութ)

Սպորտ
sport-haok-1

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր մարզիկների ելույթները Ռիոյի-2016 թվականի օլիմպիական խաղերում գնահատում է լավ: Նրանց ցույց տված արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնում են մեզ, բայց կարող էինք ավելին անել: Ցավոք, եղան բացթողումներ, այնպիսի բաներ, որոնք մեր հսկողությունից դուրս էին»  - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց մեր օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Լրագրողների բարձրացրած հարցերից պարզվեց, որ մեր սպորտում այժմ բազում խնդիրներ կան: Մասնավորապես, մարմնամարզիկներն իրենց տրամադրության տակ չունեն ժամանակակից գործիքներ, թեթեւ աթլետները՝ վազքուղյակներ: Անմխիթար վիճակում են գտնվում որոշ մարզադպրոցներ, ոչ բոլոր մարզիչներն են ցանկանում աշխատել պետության կողմից հատկացվող աշխատավարձով: Դրանց գումարվում է նաեւ խթանիչների հետ կապված խնդիրները, որի պատճառով մեր ծանրորդները ներկայումս հայտնվել են անցանկալի վիճակում: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՀԱՕԿ-ը Գյումրիում սկսել է կառուցել սպորտի բազմաֆունկցիոնալ կենտրոն, Սիսիանում ավարտին է մոտենում նոր մարզադպրոցի  կառուցումը, իսկ նոյեմբերից կսկսի գործել Դավթաշենում գտնվող օլիմպիաավանի մարզաբազան: «Ա1+»-ի մարզական լրագրողի առաջարկով Հրաչյա Ռոստոմյանը առանձին-առանձին գնահատեց տարբեր մարզաձեւերի մեր ներկայացուցիչների ելությները օլիմպիական խաղերում. «Հունահռոմեկան ըմբշամարտը գերազանց, ծանրամարտը՝ գերազանց, ազատ ոճային ըմբշամարտը՝ անբավավար, բռնցքամարտը՝ անբավարար, ձյուդոն՝ անբավարար, աթլետիկան՝ անբավարար, մարմնամարզությունն ու հրաձգությունը՝ առանց գնահատականի»: ՀՕԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, սպասելիքները չեն արդարացրել ազատ ոճային ըմբիշներն ու բռնցքամարտիկները, իսկ ահա մնացած մարզաձեւերի ներկայացուցիչները հանդես են եկել իրենց հնարավորությունների սահմաններում: