Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանական կողմի հետ քննարկվել է Արաքս գետի աղտոտվածության հարցը

Տնտեսություն
11fa3b9710a41ad35dfa1807db3cf5be

Երևանում տեղի է ունեցել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության  փորձագետների տարեկան՝ 21-րդ նիստը: Քառօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արաքս գետի խնդիրներին, ինչպես նաև երկրների սահմանամերձ հատվածների ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումներին: Նիստը նախագահող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի  ղեկավար, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա. Մխիթարյանը, բացման խոսքում ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ինչպես նախորդ 20 հանդիպումներում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ կծավալվեն արդյունավետ քննարկումներ` վերլուծելով նախորդ տարվա կատարած աշխատանքների արդյունքները: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարեկան նիստի ժամանակ կազմված արձանագրության կետերի կատարման ընթացքը, արդյունքները և նախանշվել առաջընթացները: Քննարկումների արդյունքում կազմվել է առաջիկա մեկ տարվա կատարվելիք աշխատանքների արձանագրությունը: Կողմերը փոխանակել են Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման և  մոնիթորինգի տվյալներով: Կազմվել է առաջիկա մեկ տարվա համատեղ և միաժամանակյա նմուշառման ժամանակացույցը: Աշխատանքային խմբերի փորձագետները դիտարկել են նաև Արաքս գետում  բիոմոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր: Աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների   21-րդ նիստի  արձանագրությունը, որում նաև ամրագրվել է, որ հաջորդ տարեկան նիստը տեղի է ունենալու 2017թ աշնանը ԻԻՀ Թավրիզ քաղաքում: Հանդիպման ավարտին կողմերը նաև փոխանակվել են հուշանվերներով: Տեղեկանք 2005 թվականին ստեղծվել և առ այսօր գործում են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայկական և իրանական փորձագետների աշխատանքային խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է Արաքս գետի ջրի որակի հսկմանը և պահպանմանը: Արաքս գետի հայ-իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակ­ում դիտարկումներ կատարվում են Արաքս գետի 8 (ՀՀ-ում  և ԻԻՀ-ում 4-ական նմուշառման կետեր),   Մեղրիգետ և Կարճևան գետերի մեկական նմուշառման կետերում: Ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար երկու տարբերակով՝ ԻԻՀ-ի հետ համատեղ նմուշառում (միաժամանակ և´  հայկական, և´  իրանական ափերից) ու միաժամանակյա (յուրաքանչյուր կողմը իր ափից միևնույն օրը): Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ներկայացուցիչների տարեկան հանդիպում (զույգ տարեթվերին՝ ՀՀ-ում, իսկ կենտ տարեթվերին՝ ԻԻՀ-ում), որտեղ կողմերը ներկայացնում և փոխանակում են նախորդ տարվա ջրի նմուշառման և մոնիթորինգի տվյալները, գրավոր ներկայացված տեսակետները և հետագա քայլերը, ինչպես նաև կազմում  հաջորդ տարվա համար ջրի նմուշառման հաճախակա­նության պլան-ժամանակացույցը: