Հայաստանի հավաքականը նոր կորուստ ունի Դանիայի խաղից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի առաջին հանդիպումն աշխարհի 2018թ առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ազգային թիմը Կոպենհագենում ուժերը կչափի դաշտի տերերի՝ Դանիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներով է մոտեցել սույն հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հենրիխ Մխիթարյանից բացի, որը վնասվածք էր ստացել չորս օր առաջ անցկացված ընկերական խաղում եւ չի կարող օգնել իր թիմակիցներին, այսօր չի կարող խաղալ նաեւ մեր մյուս փորձառու կիսապաշտպանը՝ Կառլեն Մկրտչյանը, որը խնդիրներ ունի կապված ձախ ոտքի մկանի հետ: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները ներկայումս ավելի շատ են հավատում Դանիայի հավաքականի հաղթանակին, քան մեկ օր առաջ: Մասնավորապես՝ դանիացիների հաղթանակը գնահատվում է 1,32 գործակից, իսկ Հայաստանի հավաքականինը՝ 13,50: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Դանիայի հավաքականներն արդեն երեք անգամ հանդիպել են Կոպենհագենում: Երկու դեպքում հաղթել են դանիացիների (3:1, 2:1), իսկ մեկում մերոնք՝ բայց ավելի խոշոր հաշվով (4:0): Հուսանք, որ չնայած կորուստներին, Հայաստանի հավաքականը հաջող մեկնարկ կվերցնի 2018թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, առավել եւս, որ Դանիայի ընտրանին ներկայումս սերնդափոխության գործընթացում է եւ թիմում հիմնականում համալրված է 21-24 տարեկան ֆուտբոլիստներով: