Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Քոչարյան․ «Սասնա ծռեր»-ի քայլին հանրության արձագանքը դեղին քարտ էր. Ազատություն

Քաղաքականություն
robert-kocharyan

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:
«Ազատություն»- Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում: Ռոբերտ Քոչարյան- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա: Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք: «Ազատություն»- Ի՞նչ գնահատական կտաք «Սասնա ծռեր» խմբի գործողությանը: Ռոբերտ Քոչարյան - Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում: Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին: Սա խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Կրկնվեմ. ոչ թե ինքնին ոստիկանական գնդի գրավման փաստը, այլ հասարակության արձագանքը այդ գործողությանը, փողոցում ու սոցիալական ցանցերում մասսայական աջակցության արտահայտումը և կատարողների հերոսացումը: Այսպիսի երևույթը հնարավոր չէ արհամարել և դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա: Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում և փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու և պատանդներ վերցնելու միջոցով:   Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում