Քննիչը 6-ամյա աղջկան. «Մեղքս չես գալիս» (տեսանյութ)
6 տարեկան այս գեղեցկուհու աչքերն արդեն տեսել են հարազատ եղբոր մահն ու հոր ձերբակալությունը: Եղբայրը՝ 8-ամյա Էրիկը, երկու տարի առաջ մահացել է Սոչի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Առաջին դասարան գնալուց մի քանի օր առաջ Անուշիկն ընկած է եղել քննչական կոմիտեի դռները, որպեսզի տեսնի Սարի թաղի գործով ձերբակալված հորը` Էդուարդ Զեյթունյանիb եւ նրան իր պարանոցի շղթան նվիրի. «Հանեցի ցեպը, ասեցի՝ պապա՝ ան, չթողեցին: Հետո լացեցի»: Դատարանում, երբ կալանավորում էին հորը, մեղադրանքը հիմնավորող հայ քննիչն այս աղջնակի արցունքները տեսնելուց հետո սառնասրտորեն ասել է. «Էդ սառոչկով մարդն ասեց՝ մեղքս չես գալիս»: Այսօր Անուշիկը դպրոց է գնացել, ինչ-որ մեկի նվիրած օգտագործած պայուսակով: Դպրոցն արդեն դուր է եկել նրան. «Որ մեծանամ, աշխատեմ, մամային փող տամ»: Իսկ առայժմ առանց միակ կերակրող ձեռքի մնացած այս ընտանիքը պայքարում է, որ հորը եւ ամուսնուն ազատեն բանտից: Նրան ձերբակալել են Սարի թաղում հուլիսի 30-ի ոստիկանական գազանությունների ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Էդուարդ Զեյթունյանի կինը Լալա Բերնեցյանը պատմում է. «Ինքը մտել ա մարդկանց մեջ, որ բաժանի, ոստիկանությունը ծեծել ա իրան, կարո՞ղ ա ինքը կանգներ նայեր, թե երբ ա ոստիկանությունն իրա գլուխը ջարդում։ Իրան ծեծել են»: Մեղադրական եզրակացությունը սարսափեցրել է Էդուարդի կնոջը՝ ամուսինը դեպքերին մասնակից գրեթե բոլորի դեմ, իր բառերով, ցուցմունք է տվել: Էդուարդն իմացել է, որ իրեն վերագրել են չտված ցուցմունք եւ հայտարարել է. «Ինքն ասում ա՝ ես ինքնասպանության փորձ կանեմ, եթե իմ ցուցմունքը նորմալ չբարձրաձայնվի»։ Ոստիկանությունը նույնիսկ կնոջն է ներգրավել ամուսնու դեմ հարուցված քրեական գործում. «Կանչում են ինձի որպես վկա առանց իմ իմանալու, առանց իմ իրավունքները բացատրելու, որ դու կարող ես ամուսնուդ դեմ ցուցմունք չտաս»: Ավելին, մեղադրական եզրակացությունում Լալայի անունից քննիչ Սամվել Սամվելյանը բազմաթիվ վկայություններ է ավելացրել իր կողմից. «Մեղադրանքի մեջ գրած ա, որ ես իբր տեսել եմ ոնց են քարկոծում տղաները, բայց ըտենց բան չկա»: Լալայի ամուսնուն սպասվում է 5-ից 10 տարի բանտարկություն: Լալան գիտի ինչու է այսպես. «Մարդիկ պարապ են: Բոլոր քննիչները, ես կարամ ասեմ, իրանք ինքնահաստատվելու խնդիր ունեն: Հաստատ: Մեկին, որ տենում են խեղճ ես, մի քիչ էլ, որ անգրագետ ես, կարան քո գլխին գործ սարքեն»: Զեյթունյանների տանը ճամպրուկային տրամադրություն է՝ ոչ մի կասկած, որ Էդուարդին բաց են թողնելու: Անմիջապես հեռանալու են այնտեղ, որտեղից եկել են՝ Աբխազիա: Իսկ առայժմ եղբորը կորցրած Անուշը ընկերուհիների հետ խաղում է կյանքի համար վտանգավոր պայմաններում, հենց Սարի թաղի փողոցում: