Ռիո-2016-ի մեդալակիր Գոռ Մինասյանը այժմ զինծառայության մեջ է (տեսանյութ)
Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Գոռ Մինասյանն այսօր մասնակցեց Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նոր ուսումնական տարվա բացման արարողությանը: «Երկու ամիս առաջ ավարտել եմ ինստիտուտը: Այսօր եկել եմ դիպլոմը ստանալու համար: Անչափ շնորհակալ եմ եւ գոհ ինստիտուտի ղեկավարությունից եւ դասախոսական կազմից, քանի որ մյուս ուսանողների համեմատ ինձ մեղմ էին վերաբերվում, չնայած ուսումնամարզական հավաքների պատճառով հաճախ էի բաց թողնում դասերը: Սակայն ամեն ինչ հասցրեցի եւ հաջողությամբ ավարտեցի ինստիտուտը»: Ինչպես տեղեկացրեց մեր խոստումնալից ծանրորդը, ինքն այժմ գտնվում է զինծառայության մեջ, որն ավարտելուց հետո մտադիր է ուսումը շարունակել մագիստրատուրայում: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Գոռ Մինասյանն ասաց, որ արդեն սկսել է մարզումները եւ պատրաստվում է մասնակցել ծանրամարտի Եվրոպայի 21-23 տարեկանների առաջնությանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերին: