Լեւոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ նա իր միավորների քանակն ավելացրել է 3 կետով եւ հասցրել 2795-ի: Հիշեցնենք, որ անցած ամիս մեր շախմատիստը մասնակցել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը եւ զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը: Լեւոն Արոնյանը առայժմ հետ է մնում այն շախմատիստներից, որոնք ունեն սուպերգրոսմայստերական, այսինքն՝ 2800-ից բարձր արդյունք: Դրանք են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (2857), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2813), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (երկուսն էլ՝ 2808): ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում են գտնվում Հայաստանի եւս 4 շախմատիստ: Սերգեյ Մովսիսյանը 59-րդն է (վարկանիշը՝ 2677), Վլադիմիր Հակոբյանը՝ 62-րդը (2675): Նրանց հաջորդում են Հրանտ Մելքումյանը (70-րդ, 2678) եւ Գաբրիել Սարգսյանը (75-րդ, 2670): Կանանց դասակարգման աղյուսակում մեր էլինա Դանիելյանը 2444 վարկանիշով 36-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 38-րդն է (2439): Կանանց ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը՝ 2658 միավոր: