Սոնա Պողոսյանը երրորդն է Ռիո-2016-ի B ենթախմբում
Հայաստանի ծանրորդ Սոնա Պողոսյանն այս օրերին Ռիոյում ընթացող 2016 թվականի օլիմպիական խաղերում հանդես եկավ կանանց B ենթախմբում:
Մեր 75 կգ քաշային մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 97 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 126 կգ-ը։ Երկամարտի 223 կգ արդյունքով նա գրավեց 3-րդ տեղը։
Կանանց A ենթախմբի մրցումները կսկսվեն ավելի ուշ, որտեղ հանդես կգան այս քաշային կարգի առաջատարները։
--------------------------------------------
Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը գոհ է Օլիմպիական խաղերում իր ցույց տված արդյունքից, սակայն լարվածություն զգացել է։
«Մի փոքր լարվածություն ունեի, այդ իսկ պատճառով կորցրեցի պոկում վարժության երրորդ մոտեցումը՝ 100 կգ։ Առավել վստահ էի հրում վարժությունում։ Մարզումների ժամանակ բարձրացրել էի 125 կգ և վստահություն ունեի։ Ուրախ եմ և վստահություն ձեռք բերեցի, որ մասնակցում եմ մեծահասակների Օլիմպիական խաղերին։ Եվրոպայի առաջնությունում ինձ հաջողվեց պոկել 102 կգ և հրել 125 կգ»,- շեշտեց Պողոսյանը։
Կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը` երկամարտի 223 արդյունքով գրավեց 3-րդ տեղը։
-------------------------------------
Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Սոնա Պողոսյանի ելույթից Օլիմպիական խաղերում։
«Ծանրամարտում կա նման բան, եթե 6 մոտեցումից 5-ը բարձրացնում են, ապա դա լավ արդյունք է։ Սոնան մինչ այս մասնակցեց երիտասարդների աշխարհի առաջնությանը` 69 կգ քաշային կարգում, այդ իսկ պատճառով պոկում վարժությունը լիարժեք չկարողացավ կատարել։ Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը։ Նա խոստումնալից մարզուհի է և եթե շարունակի նույն ոգով, ապա մեծ ապագա կունենա»,- փաստեց գլխավոր մարզիչը։
Կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 արդյունքով գրավեց 3-րդ տեղը։
ՀԱՕԿ