Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերն ունեն երկու պահանջ. սկսվում է պայքարի 2-րդ փուլը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aleq-1

Այդ գործողությունը բացարձակապես պանծալի ոստիկանության կողմից հերոսական գործողության արդյունք չէ, այլ արդյունք է քրեական հանցագործներին հարիր գործունեության, այնպիսի, որին չէին դիմել նույնիսկ ադրբեջանցիները արցախյան պատերազմում. քիչ առաջ հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով գիշերվա ընթացքում ՊՊԾ գնդում տեղի ունեցածին։ Արեգ Կյուրեղյանը խոսել է հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հետ. վերջինս պատմեց այն, ինչ արդեն ներկայացրել ենք և կրկին շեշտեց, որ տղաներից երկուսը չեն հանձնվել, ինչպես ներկայացվում է։ «Դեմդիմաց է ոստիկանությունն ու ժողովուրդը. միտումնավոր իրավիճակի սրում է և Հայաստանը դեպի քաոս տանելու միտում։ Սկսվել է քարոզչական պատերազմ սեփական ժողովրդի դեմ. ես արդեն տարակուսում եմ՝ արդյո՞ ք Հայաստանում եմ, թե՞ օտար երկրում»,- նշում է Արմենակ Կյուրեղյանը։ Նա Սարի թաղից լսել է, թե ինչպես են Սասնա ծռերը բղավել են գնդի ներսից, թե վիրավոր ունենք, եկեք-տարեք, և ցավում է,  թե ինչպես է աղավաղվում իրողությունը։ Ալեք Ենիգոմշյանը նշում է. «Սասնա ծռերն ունեն 2 պահանջ. 1-ինը՝ բժշկական ծառայությանը վերաբերող. այս պահին բժիշկներ կան ներսում, որին պատանդ չեն վերցրել, պարզապես պահանջում են, որ ինչպես առաջին օրերին, լինի բժշկական բրիգադի հերթափոխ։ Պահանջում են փոխարինող գա, որպեսզի այս մեկին բաց թողնեն»։ 2-րդ. պահանջում են, որ պատգամավորները պահանջ ներկայացնեն, գնան հանդիպեն Սասնա ծռերին։ Ինչո՞ւ երեկ գիշեր համակարգող խորհուրդը քաղաքացիների հետ չմնաց Խորենացի փողոցում։ «Երբ նկատեցինք, որ կա նման սադրանք, ուզեցինք ստուգել վարչախմբի մտադրությունները, և պարզվեց, որ բացի այն, ինչ տեղի ունեցավ ներսում, հստակ միտում կա սադրանքներ ու բռնություններ հրահրել և իրագործել ժողովրդի շրջանում։ Պահի լրջությունը հաշվի առնելով, բախումից ու սադրանքից խուսափելու համար նման որոշում կայացրեցինք»,- մեկնաբանեց Ալեք Ենիգոմշյանը։ «1-ին փուլը՝ Սասնա ծռեր խմբի քաղաքական լեգիտիմացման փուլը, կայացել է,-ասում է Ալեք Ենիգոմշյանը։ 2-րդ փուլին ենք անցնում, որը հիմնված է ժողովրդական աջակցության վրա, 2-րդ փուլի մարտավարությունը կհստակեցվի այսօր, հանրահավաքի ժամանակ։ Քաղաքացիների հետ կորոշվի՝ ինչ ուղղությամբ պետք է գնա պայքարը»։ «Սա ժողովրդական պայքար է, ընդամենը մենք համակարգում ենք, մենք ղեկավար չենք»,- շեշտեց Ալեք Ենիգոմշյանը։ Ալեք Ենիգոմշյանը եւս մեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ «Սասնա ծռերը» տրամադիր չեն բանակցությունների, քանի որ նախկին փորձերը նրանք համարում են իմիտացիա: Նա հիշեցրեց Ժիրայր Սեֆիլյանի առաջարկներն ու պահանջները՝ իրավիճակի հանգուցալուծման համար՝ քաղաքական բանակցություններ: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից, իրականությանը չեն համապատասխանում. «Նա ասել է, երբ հանդիպեմ Սերժ Սարգսյանին, առաջին պահանջը նրա հրաժարականը չի լինելու, այլ իրավիճակի՝ առանց արյունահեղության լուծումը»: Ալեք Ենիգոմշյանի խոսքերով՝ Վիտալի Բալասանյանի մերժելի բանագնացությունից հետո, «Սասնա ծռեր» խմբի տղաները պահանջեցին այլ բանագնաց եւ այն պետք է լիներ Աշոտ Մինասյանը, մինչդեռ նա չի ներկայացել. «Աշոտ Մինասյանի բանագնացությունը մնաց տեսական դաշտում»: