Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակության մեջ կուտակված լիցքն առաջացրեց այս իրավիճակը» (տեսանյութ)

Քաղաքականություն
khudoyan

«Ամեն անբան իր դժգոհությունները գցում է իշխանությունների վրա։ Եթե ինչ-որ բանի չես հասել, կարելի է մեղավոր դարձնել իշխանություններին»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Էրեբունու ՊՊԾ շենքի վրա հարձակված խմբի անդամների դրդապատճառները։ Նա նաև ահաբեկչություն է որակում տեղի ունեցածը, չնայած որ այդպիսի հայտարարություն ավելի վաղ արել էր միայն ԱԱԾ-ն` հետագա հաղորդագրություններում խմբի մասին խոսելիս օգտագործելով այլ տերմիններ։ Սոցիոլոգը չի խոսում, թե ինչն է հանգեցրել այնպիսի վիճակի, որ մարդիկ զենք են վերցրել՝ այդ կերպ վերհանելով խնդիրներ ու ակնկալելով լուծումներ։ Փոխարենը նա չի խորշում «մանկամիտ արարք» որակել Պավել Մանուկյանի ու Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) գլխավորած «Սասնա ծռեր» խմբի անդամների արարքը։ Մինչդեռ հոգեբան Սամվել Խուդոյանը տեղի ունեցածի հիմնական պատճառ է համարում տարիներ ի վեր երկրում կուտակված խնդիրների լուծված չլինելը, ինչպես նաև ապրիլյան պատերազմից հետո առաջացած իրավիճակը։ Ըստ նրա՝ չնայած հասարակական պահանջին՝ երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու, իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ ձևական պայքար տարվեց, «մեկ-երկու հոգի ձերբակալվեց», սակայն էական ոչինչ չփոխվեց։ Հոգեբանի պնդմամբ՝ հասարակության մեջ կուտակված լիցքն առաջացրեց այս իրավիճակը և պատահական չէ, որ նրա մի հատված Խորենացի փողոցում է ու պաշտպանում է ապստամբներին։ Պարոն Խուդոյանը վստահ է՝ սա էլ վերջը չի լինելու, հետևություններ չանելու պարագայում իշխանությունները պետք է սպասեն ավելի մեծ գործողության։