Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լ. Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Ս. Սարգսյանի հետ՝ ԼՂՀ հարցում» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-3

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ խոստացել էր առավոտյան, այս պահին Խորենացի փողոցում հանդես է գալիս հայտարարությամբ: Նա մասնավորապես ասաց, որ  կարդացել է  մարդկանց կողմից իրեն ուղղված բոլոր նամակները. «Դրանք այնքան շատ էին, որ չէի կարող մեկ առ մեկ պատասխանել ու դրանց պատասխանն այսօր բոլորիդ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է: Այսօրվա ու բոլոր ժամանակների համար պետք է արձանագրել մի բան՝ ես ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին եւ ամենակարեւորը՝ հայ ժողովրդին: Եւ ինչ էլ որոշի ժողովուրդը, պարտավորվում եմ այդ որոշումը ի կատար ածել՝ մի պայմանով, որ դա պետք է լինի հստակ ու աներկբա, տեսանելի ու կասկածի տեղիք չտվող»: Պարոն Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իր ելույթում միջակետ է դնում ու անդրադառնում այսօր տեղի ունեցած մեկ-երկու իրադարձության. «Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շատ տարօրինակ հայտարարությամբ: Անդրադառնալով ՊՊԾ գնդում տեղի ունեցածին՝ նա ասել է՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ առիթ են տվել այդ գործողություններին: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, սակայն առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Ըստ էության նա ասում է՝ եկեք թողենք հիվանդը մեռնի հետո դիահերձումից հետո կորոշենք՝ ինչից մեռավ: Ես կարծում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Մի՞թե նա չէր կարող հասկանալ՝ ինչ է ասում, այս նրբությունները: Կարծում եմ՝ հասկանում է»: Ըստ նրա՝ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը  ասում է, թե հիմա պետք չէ վերլուծել այս իրավիճակը, ըստ էության, նա ասում է՝ պետք չէ անել այնպիսի մտահանգումներ, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս շուտ պետք է հեռանա իշխանությունից. «Ինչո՞ւ է նա սա ասում, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինձ համար շատ ցավալի է, դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ հարցում մի ծրագիր իրականացնելու համար, որը խայտառակ ու ստորացուցիչ լուծում է: Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար ու արձանագրել, որ ժամանակին ինքը ճիշտ էր ասում այդ տարածքների մասին: Սա ամոթալի մոտեցում է: Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ մասին: Սա նշանակում  խոսել ՀՀ եւ ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա քաղաքական դաշտի առաջին հարցն է»: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ իր բոլոր գործողությունները միտված են եղել նրան, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ահաբեկիչներ չեն: