«Չէին խփում ձեռքերիս կամ գլխիս, միայն խփում էին մեջքիս» Գեւորգ Թոսունյան (տեսանյութ)
Iravaban.net կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն է կիրառվել՝ մասնագիտական գործունեությունը կատարելու՝ ակցիա լուսաբանելու ժամանակ: «Երբ դու խոսում ես բռնության մասին, դա բառեր են միայն, բայց երբ տեսնում ես ինչ կարող են քո նկատմամբ մարդիկ անեն , կարող են անել 7 հոգի, քեզնից մի քանի անգամ ուժեղ մարդիկ»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Թոսունյանը: Լրագրողը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք եւ ակտիվիստները Տիգրան Մեծի պողոտայում շշեր եւ քարեր նետում միմյանց վրա: «Հետո, որպեսզի ավելի անվտանգ տեղ տեղափոխվեմ, անցա աջ կողմի քաղաքացիական հագուստով անձանց մոտ, ասեցին այստեղ ավելի անվտանգ է: Հետո նրանք ինձ հորդորեցին անջատել տեսախցիկն, ասեցի լավ անջատեմ, որովհետեւ ագրեսիվ էին, հետո ասեցին չիպը տուր, ասեցի չեմ տալու»: Գեւորգին հետեւել են մինչեւ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Հայէկոնոմ» բանկի մոտ եւ նա ստիպված հանձնել է տեսախցկի հիշողության քարտը: «Հանգուցալուծումը ես այդպես տեսա, իրենք ավելի շատ էին, ինձ սկսել էին հարվածել, իրենք չէին խփում ձեռքերիս կամ գլխիս, միայն խփում էին մեջքիս եւ ես հետեւից նրանց դեմքերը չէի տեսնում»: Նրա խոսքերով՝ իրեն նաեւ սպառնացել են, երբ հիշողության քարտը տալուց հետո շտապել է հեռանալ: «Հետեւիցս գոռացին, որ քեզ այլեւս չտեսնեմ այստեղ, ակցիաներ լուսաբանես: Փորձում էին լրագրողի նկատմամբ բռնություն գործադրել, որ չփորձի եւ չցանկանա լուսաբանել ակցիաները, իրենք ի սկզբանե չգիտեին, թե ես որ կայքից եմ»,- ասաց լրագրողը: Գեւորգ Թոսունյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, եղել է դատաբժշկի մոտ, ով արձանագրել է կապտուկները: «Ասաց, որ դա բութ գործիքի արդյունքում են առաջացել: Բացատրեց, որ դա կարող է լինել ոտքի, ձեռքի, կամ հենց բութ իրի արդյունքում» Իսկ Խորենացի փողոցում այս գիշեր պայթուցիկների, գազային նռնակների եւ արցունքաբեր գազի կիրառման արդյունքում 34 անձինք շարունակում են իրենց բուժումը ստանալ հիվանդանոցային պայմաններում, որից 14-ը՝ Էրեբունի բժշկական կենտրոնում: «Թունավորումներն են մեծ մասը եւ բութ գործիքներով ստացված սալջարդ վերքերը: Վիրաբուժական միջամտություններ են կատարվել, ոտքերի մշակում, առաջին վիրաբուժական մշակում, կարում »,- ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի ավագ վիրաբույժ Արտակ Վարդանյանը: Երեկվա միջադեպից հետո վերակենդանացման բաժանմունքում է գտնվում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: