«Շիրակը» մեկնել է Սլովակիա
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» այսօր մեկնել է Սլովակիա, որտեղ պետք է անցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղը: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին սեփական դաշտում Տրնավայի «Սպարտակի» հետ կայացած առաջին մրցավեճում շիրակցիները ոչ-ոքի՝ 1:1 էին խաղացել: Վաղը նրանք կանցկացնեն պատասխան հանդիպումը, որում կորոշվի, թե որ թիմը կշարունակի պայքարը հաջորդ փուլում: «Շիրակը» սովորական ավիաչվերթով նախ մեկնել է Կիեւ, ապա՝ Վիենա, որտեղից Տրնավա ընդամենը 91 կմ է: Թիմի հիմնական կազմից բացակայում է միայն Դավիթ Հակոբյանը, որը նախորդ երեք խաղերում երեք դեղին քարտ է ստացել եւ ստիպված պետք է բաց թողնի այս հանդիպումը: Բուքմեյքերական գրասենյակները խաղի ֆավորիտ են համարում «Սպարտակին», որի հաղթանակը չորս անգամ ավելի բարձր են գնահատվում, քան՝ «Շիրակինը»: