Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանի անդամը հիշեցնում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը

Քաղաքականություն
Vardan-Hakobyan

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ վաղուց Հայաստանում չեն գործում ժողովրդավարական երկրի օրինաչափ գոյատևման համար անհրաժեշտ ինստիտուտները: Տասնամյակներ շարունակ վերացված է ընտրական համակարգը, չի գործում դատական համակարգը». «Հիմնադիր խորհրդարան»-ի հիմնադիր-անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը վստահ է, որ պետության շահերը՝ օրինականությունն ու օրենքի գերակայությունը, չեն պահպանվում, փոխարենը վերածվել են որոշ անձերի շահերի սպասարկման կառույցների, դա էլ ժամանակի հետ այնքան է կատարելագործվել, որ դարձել է կլանային համակարգի սպասարկու: «Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ ամենաչնչին խնդիրը չի լուծվում դատական կարգով, եթե  հակասում է պետությունը զավթածների շահերին: Երբ վերանում են օրինական ճանապարհները, մարդիկ սկսում են մտածել դրանց շրջանցելու, կամ դրանք վերականգնելու մասին»,- դիրիժորը հիշեցնում է, որ  բազմիցս զգուշացվել է, որ պետական համակարգն այս աստիճան այլասերելու հետևանքը կարող է լինել ապստամբությունը.«Ժիրայր Սեֆիլյանը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, և զգուշացրել, որ երբ ավարտվում են օրինական ճանապարհները, ժողովուրդը սկսում է պարտադրել ոտքերով: Մեր երկրի օրինականության և ինքնիշխանության համար ուրիշ բան չէր մնում, քան ապստամբությունը, որի իրավունքը ունի ժողովուրդը, և որի միջով է անցել ամբողջ մարդկությունը»: Հիմնադիր խորհրդարանի պատգամավորը չի զարմանում իշխանությունների արձագանքի վրա, քանի որ ըստ  նրա, իշխանությունները երբեք ադեկվատ չեն եղել  խնդիրներին արձագանքելու պարագայում. «Փոխանակ վերանայել իրենց անցած ճանապարհը՝ հակառակը, աննախադեպ բռնի ուժով հենց առաջին օրվանից ուզում են խեղդել ժողովրդի ցասման գետը, որն, ի դեպ, միշտ հակառակ էֆեկտն է տվել»: Հակոբյանը ցավում է ոստիկանի մահվան համար, և քանի դեռ լրիվ հանգամանքները պարզված չեն, չցանկացավ դրան անդրադառնալ: Միայն գիտի, որ ոստիկանը զոհվել է փոխհրաձգության ժամանակ, երբ ոստիկանները զրահամեքենայով գրոհել են ապստամբների ուղղությամբ, չնայած որ բազմիցս հորդորվել է չկրակել: Իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը նոր ընտրություններն են, ասում է Հակոբյանն ու հավելում, որ դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ապա ստեղծվի ժողովրդի վստահությունը վայելող ժամանակավոր կառավարություն, որն էլ կանցկացնի նոր ընտրություններ: «Իշխանությունը միակ ուժն է, որ պատրաստ է Արցախը հանձնել: Մենք կամ կստեղծենք մեր անկախ երկիրը, կամ կվերանանք որպես սուբյեկտ: Ժողովուրդը մնացել է ներքին և արտաքին թշնամիների արանքում, որտեղից միայն մի ելք կա՝ հաղթանակ»: