«Սասնա ծռերի» երկու պահանջ իշխանությունն արդեն իրականացրել է. Պ. Հայրիկյան (տեսանյութ)
«ԱԻՄ-ը կես դար գործելով՝ երբեք որեւէ բռնության կողմ չի եղել, անգամ ազգային ազատագրական պայքարի փուլում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Չնայած սրան, Հայրիկյանը կարծում է, որ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, որ տղաները դիմել են նման քայլի: Նրա խոսքով՝ եթե ուզում ենք, որ մեր երկրում ամեն ինչ միայն խաղաղ ճանապարհով լուծվի, ապա, ըստ էության, դեմ ենք գնում մարդու իրավունքների միջազգային նորմերին: «Մարդու իրավունքների հռչակագրում հստակ ամրագրված է, որ երբ ոտնահարվում են մարդու իրավունքները, նա կարող է դիմել ընդվզման: Այն ուղղակիորեն զգուշացնում է պետություններին, որ պատրաստ եղեք նման բաների: Եթե մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով լուծել նման խնդիրները՝ բացառելով ապստամբությունը, ապա ասում ենք, որ մարդու իրավունքների փաստաթուղթը ճիշտ չէ»,-նշեց Հայրիկյանը: https://youtu.be/5vEAdpHFBuo ԱԻՄ առաջնորդը հավելեց նաեւ, որ իրենք դեմ են ցանկացած արյունահեղության: Նրա խոսքով՝ այս ամենը կարող է շատ երկար տեւել, բայց նույնիսկ դա ավելի ընդունելի է, քան նոր զոհը: Պարույր Հայրիկյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» երկու պահանջ իշխանությունն արդեն իրականացրել է: «Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը: Բոլոր նորմալ երկրներում, եթե ոչ առաջին ժամերին, ապա գոնե երկրորդ օրը նա պետք է հանդես գար հայտարարությամբ: Ու՞ր է նա: Կարելի է ասել, որ Հայաստանն արդեն նախագահ չունի: Երկրորդ, իշխանությունները, կալանավորելով Ժիրայր Սեֆիլյանին, ցանկանում էին մեկուսացնել նրան, բայց այսօր տղաները նրանց հետ կապի մեջ են»: