Խաշմանյանը մնաց Երեւանում, իսկ Յարաբեկը մեկնեց Զագրեբ (տեսանյութ)
Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ժամանակից շուտ ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիք մրցաշարում: Որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնն այսօր սեփական հարկի տակ ընդունեց Թբիլիսիի «Դինամոյին»: Մեր թիմը նվազագույնը պետք է 2:0 հաշվով հաղթանակ տաներ, որպեսզի գոնե լրացուցիչ ժամանակի իրավունք ստանար, ապա ուժերը փորձեր հետխաղյա 11մ հարվածաշարում: Սակայն հանդիպման արդեն 21-րդ րոպեին «Դինամոյի» հարձակվող Ջիգաուրին օգտվելով մեր պաշտպանների եւ դարպասապահի անփությունից, բացեց հաշիվը: «Ալաշկերտը» հայտնվեց էլ ավելի բարդ վիճակում, քանի որ հաջորդ փուլ մտնելու համար արդեն հարկավոր էր խփել 4 անպատասխան գոլ: Սակայն խաղը ցույց տվեց, որ մեր ֆուտբոլիստները թե ֆիզիկապես, թե հոգեպես պատրաստ չեն նման շրջադարձին: Նրանք երկրորդ խաղակեսի սկզբում կարողացան հավասարեցնել հաշիվը, բայց ավելին անել չկարողացան: Հյուրերն այդ ընթացքում բավարարվեցին միայն «Ալաշկերտի» դարպասաձողի ամրության ստուգմամբ: Այդպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, որը ուղեգիր պարգեւեց Թբիլիսիի «Դինամոյին»: Վերջինիս գլխավոր մարզիչ Յուրայ Յարաբեկը խաղից հետո ասաց, որ անմիջապես մեկնելու է Զագրեբ, որպեսզի տեղում ուսումնասիրի իր թիմի հաջորդ մրցակցի խաղը: Իսկ ահա «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն հերթական անգամ նշեց, որ հայկական թիմերի հնարավորությունների առավելագույնը հենց որակավորման 2-րդ փուլն է եւ դրանից ավելին անել անհնար է: Հ. Գ. «Ալաշկերտ» - «Դինամո» հանդիպման ժամանակ անցանկալի միջադեպ տեղի ունեցավ հայ եւ վրացի երկրպագուների միջեւ: Ոստիկանները ստիպված բերման ենթարկեցին առավել ագրեսիվ տրամադրված ֆաներին: Խաղից հետո «Դինամոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները ընդհանուր հաղթանակը նշեցին Եվրո-2016-ում իսլանդացիների կողմից առաջին անգամ ցուցադրած ձեւով: