Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ալաշկերտը» հաջորդ փուլ մտնելու շանսեր չունի

Սպորտ
sport-alashkert-2

«Թիմը պատրաստ է հենց առաջին րոպեից անցնել հարձակողական գործողությունների, բայց պետք է նաեւ պահենք բալանսը, որպեսզի մրցակիցը գոլ չխփի: Հակառակ դեպքում խնդիրը շատ կբարդանա», - ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորան 2-րդ փուլի պատասխան խաղից առաջ ասաց Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Թբիլիսիում 0:2 հաշվով պարտվել է տեղի «Դինամոյին»: Փորձառու մասնագետը բավական կարեւորում է երկրպագուների գործոնը. «Ուզում եմ, որ շատ մարդ գա խաղին, որովհետեւ աջակցությունը կարեւոր է: Թիմը պետք է զգա, որ երկրպագուներն իրենց թիկունքում են»: Սակայն Աբրահամ Խաշմանյանը վստահ չէ վերջնական հաջողությանը. «Մենք չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք հաղթահարել մի քանի փուլ: Այսօր մեկ փուլ անցնելը մեր առավելագույնն է: Երրորդ փուլ մտնելը հրաշքների շարքից է»: Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Յուրայ Յարաբեկը չնայած երկու գոլի առավելությանը, բարդ հանդիպում է սպասում այսօր: «Ալաշկերտը» լավ թիմ է եւ կփորձի առաջին 20-30 րոպեներին գոլ խփել: Մենք պետք է ուշադիր լինենք ու թույլ չտանք դա անել: Բացի այդ շատ շոգ եղանակ է լինելու, ինչը կարող է ազդել խաղի ընթացքի վրա: Սակայն մեր նպատակն է անցնել հաջորդ փուլ», - ասել է սլովակցի մասնագետը: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» - «Դինամո» հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, վրացական ակումբը 400 տոմս է պատվիրել իր երկրպագուների համար: Սակայն խաղի մուտքն ազատ է եւ հայ երկրպագուները անարգել կարող են մտնել մարզադաշտ: Բուքմեյքերական գրասենյակները հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները եւ հիմնականում կանխագուշակում են ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Հաջորդ փուլ մտնելու «Ալաշկերտի» հնարավորությունը շատ-շատ ցածր է՝ 16,00 գործակից՝ «Դինամոյի» 1,009-ի դիմաց: