Պարտվողական տրամադրությունը Սահմանադրությունը արհամարհելու մեջ է (տեսանյութ)
Ղարաբաղի մտավորականությունը եւ ժողովուրդը չի հաշտվում տարածքներ զիջելու գաղափարի հետ. «Պատմությունն է հուշում է, որ տարածքները զիջելով միայն ու միայն ձեռք է բերվում վտանգվածություն եւ տիրում է պատերազմական իրավիճակ»,- ասում է Վահան Բադասյանը։ «Դրանով խաբել ժողովրդին, որ մենք հանձնում ենք, որ ավելի ապահով լինենք, չի լինի»,- ավելացնում է արցախցի Վաչագան Զաքարյանը: Ղարաբաղցուն, ըստ Շուշիում հավաքվածների, չես խաբի առաջնագիծը զիջումներով վերացնելու մտքով: Ադրբեջանցու համար ամբողջ Հայաստանն է առաջնագիծ. «Եթե մենք 5 շրջան հանձնում ենք մի ուրիշ շրջան է դառնում առաջնագիծ», նկատում է արցախցի Վաչագան Զաքարյանը: Ղարաբաղցիները չեն վստահում խաղաղության մասին ադրբեջանական հավաստիացումներին, նրանց ախորժակը փակել հնարավոր չէ. «Հիմա Սերժ Սարգսյանի ձեռքով փորձում են մեր կռվող հայի որակը փոխել, փորձում են կռվով մեզ վախեցնել»,- կարծում է արցախցի ազատամարտիկ, Մարտական խաչի կրկնակի ասպետ Մհեր Պետրոսյանը: Հայաստանցի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Արցախի հարցը այս օրվան հասցնելու արմատները տեսնում է 22 տարի առաջվա մեջ՝ երբ հրադադարի օրից սկսեցին խոսել զիջումների մասին. «Եթե մեկը խոսում է զիջումների մասին, էն մյուսը ասում է ոչ մի զիջում, դու արդեն հոգեբանորեն սկսում ես պարտվել», ասում է նա: Մարտակերտցի Ներսես Օհանջանյանը դեմ է բանակցությունների այն լեզվին, որն այսօր դրվել է շրջանառության մեջ՝ բանակցությունների լեզուն պարտության լեզուն է. «Սա կենսատարածք ա երեք պատճառով՝ մեկը որ դա մեր պատմական տարածքներն են, որտեղ ունենք պատմամշակութային ժառանգություն, երկրորդ այնտեղ թափվել է մեր հայորդիների արյունը եւ երրորդը՝ դա մեր անվտանգության նիշն ա»,- բացատրում է մարտակերտցի Ներսես Օհանջանյանը: Արթուր Խաչատրյանը խնդիրն այլ տեղ է տեսնում՝ իշխանությունները փորձում են շաղախել փոխզիջումն ու զիջումը, մինչդեռ փոխզիջման մասին խոսք չկա. «Տարվա ընթացքում հաղթող պետությունն իրեն պահել է պարտվածի ձեւով»,- ասում է նա: Ո՞րն է ելքը: Վաչագան Սարգսյանը գիտի՝ ձեւավորել նոր իշխանություն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Արցախյան առաջին պատերազմի մասնակից այս կինը այսօրվա պարտվողական տրամադրության ակունքները տեսնում է Սահմանադրության հանդեպ պետական արհամարանքի մեջ. «Ինչու՞ է Հայաստանը կարողացել իր սուվերենության մի մասը փոխանցել Ռուսաստանին։ Որովհետեւ իշխանությունը չի ենթարկվել Սահմանադրությանը»,- գտնում է Արցախի առաջին պատերազմի մասնակից Մարգարիտա Քարամյանը: Շուշիում հավաքվածները հատուկ հայտարարություն են ընդունում, ըստ որի տարածքի զիջումը կամ հանձնումը ազգային դավաճանություն է եւ նոր ու թարմ բանակցային գործընթաց է պետք: