«Ժողովուրդը պետք է ակտիվ լինի և պրոցես ուղղորդող դառնա» (տեսանյութ)
«Շատերիս համար սա ընդունելի տարբերակ չէ և ինքս էլ բազմիցս ասել եմ, որ ուժային լուծումներն ինձ համար ընդունելի չեն: Ինձ համար ընդունելի է ժողովրդական ճնշման տարբերակը: Հիմա էլ եմ կրկնում, որ ժողովուրդը պետք է ակտիվ լինի և պրոցես ուղղորդող դառնա, որովհետև երկու կողմերի քայլերն էլ կարող է սխալ լինեն»,-դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նաև նկատում է, որ հանրությունը դեռևս ակտիվ չէ կատարվող իրադարձությունների նկատմամբ: «Ա1+»-ի հարցին, թե ինչպես պետք է ակտիվացնել հանրությանը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ես իմանայի այդ կողպեքի բանալին որտեղ է գտնվում, ապա վաղուց այդ բանալին օգտագործած կլինեի: Մեր քաղաքացիները գուցե դեռ մտածում են, թե ինչ է տեղի ունենում, բայց ինձ համար լավագույն ելքն այս տարբերակում կլիներ, եթե երկու սկզբունք առաջնային դրվեր՝ դա պետությունն այս վիճակից ուժեղացած դուրս գալու սկզբունքն է և երկրորդ՝ պետական շահի, ժողովրդի շահի գերակայության սկզբունքը»: Այս երկուսը կարող են կյանքի կոչվել, եթե տեղի ունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ եթե այստեղ 30-40 հազար մարդ հավաքված լիներ, ապա դժվար թե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը իրագործելը կասկածի տակ դրվեր: Մանրամասները՝ տեսանյութում