ԵՄ-ն` Հայաստանին. «Մոռացված չեք, օրակարգում եք» (տեսանյութ)
«Կոռուպցիայի հարցերի շուրջ ԵՄ-ն եւ Հայաստանը սկսել են խոսել նույն լեզվով»,-այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նախկինում, ըստ նրա, Հայաստանը եւ ԵՄ-ն այս հարցում ունեին տարբերություններ, որոնք այսօր մեղմվել են: Պյոտր Սվիտալսկին տեղեկացնում է, որ ԵՄ-ն ունի հավակնոտ օրակարգ: «Հայաստանի հետ քննարկումների ինտենսիվ փուլ ենք մտել, արձանագրում ենք արագ առաջընթաց»,-ասում է ԵՄ դեսպանը: Հայաստանի համար, ըստ Պյոտր Սվիտալսկու, ԵՄ-ն ունի երկու առաջնահերթություն՝ կայունացում եւ հզորացում: «Մենք ուզում ենք, որպեսզի ձեր մոտ ընդունվեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերը, որպեսզի անակնկալներ չլինեն»,-ասել է պարոն Սվիտալսկին: Մեկ այլ գերակայություն է նա համարում Հայաստանի անվտանգությունը: ԵՄ-ն հասկանում է, որ Հայաստանն ունի անվտանգության կոնկրետ գերակայություն եւ կոնկրետ սպառնալիքներ: Սակայն ինքը ցանկանում է այս հարցում օգտակար լինել Հայաստանին: Պարոն Սվիտալսկին հիշեցրել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկո Մոգերինիի խոսքերը Հայաստանի մասին՝ հնարավոր է լինել անվտանգության մեկ այլ համակարգի անդամ եւ համագործակցել ԵՄ-ի հետ: ԵՄ դեսպանը խոսել է նաեւ Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունից. «Մեր հայ գործընկներներն են որոշում մեր հարաբերությունների հավակնությունների մակարդակը: Մենք չենք հավակնում էգոիստական մակարդակի»: Ի դեպ, պարոն դեսպանը թարմ տեղեկություն ուներ Հայաստանի համար: Բրյուսելից նա ստացել է Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի փաստաթղթերը, որտեղ խոսվում է նաեւ Հայաստանի հետ վիզայի ռեժիմի թեթեւացման մասին: «Այս իմաստով ես տրամադրված եմ լավատեսորեն՝ վիզաների ռեժիմի թեթեւացումը դրված է գերակայությունների ցանկում: Տեսնելով հայերի հիասթափությունը ասեմ՝ մոռացված չեք, օրակարգում եք»,-ասել է դեսպանը: