Հնարավոր է՝ գյուղատնտեսական վարկերի մարումը հետաձգվի (տեսանյութ)
Կառավարությունն այսօր 104 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արմավիրի, Լոռու եւ Կոտայքի մարզերին՝ վերջին օրերի հեղեղների, կարկուտների վնասները վերականգնելու համար: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը կառավարությանը ներկայացրեց, թե որ մարզին որքան գումար է հատկացվելու եւ ինչի համար. «Արագածոտնում կվերականգնվեն բնակիչների տան տանիքները, որոնք ամբողջությամբ քամու կողմից քշված են, նաեւ մշակույթի տան տանիքը: Բնակիչների պահանջով՝ խոշոր գյուղատնտեսական կենտրոն համարվող տարածքների համար նախատեսում ենք հակակարկտային կայանների տեղադրում: Արմավիրի մարզում 20-ից ավել համայնքներ կորցրել են իրենց ռեսուրսները եւ կրկին բնակիչների պահանջով՝ նրանց հատկացվել է 22 հակակարկտային կայան: Լոռու մարզում կոմունիկացիաների խաթարում էր տեղի ունեցել, այստեղ հատկացվում է 13 մլն-ի չափ գումար՝ բնականոն կյանքը վերականգնելու համար»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ տեղի ունեցածը մեծ աղետ է, քանի որ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրից. «Ունեն մարդիկ վարկեր, ակնկալել են բերք ստանալ, իրացնել եւ մարել վարկը: Դրա համար հիմա, ես պարոն Ջավադյանին առաջարկում եմ խնդրում եմ, որպեսզի համագործակցենք եւ գոնե մեկ տարով հետաձգենք վարկերը»: