Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալինցի նախկին գանձապետը՝ աղքատության մեջ (տեսանյութ)

Հասարակություն
Sasun-nkar-1

Թալինցի Սասուն Մարտիրոսյանն ապրում է հիվանդության համար տրվող պետական թոշակով։ Ժամեր առաջ գումարն ստացել է ու շտապել խանութ։ «Մի երկու հատ պամիդոր առա, մնացած պարտքերս փակեցի, որ էլի հաց տան»,- ասում է նա։ Ասում է՝  հաց  ուտում է ամսվա ոչ բոլոր օրերին։ Ոչ մի կերպ բնակարան չհիշեցնող այս կացարանում օրերը մթության մեջ են անցնում.  «Ինձ պետք էլ չի լույս, ի՞նչ անեմ, ասենք թե հիմի լույս ունեմ, աշխատանք չունեմ, մի օր վառեցի փակվեց»։ Սասունի սենյակից խոնավությունն անպակաս է, պնդում է՝ երկար ժամանակ այս պայմաններում ապրելով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել։ Սեղանի վրա դեղերի խուրձն է, դրանցից միայն մեկն է պետությունը տրամադրում։ «Թոշակ ստացա չէ, էսա երկու հատ պոմիդոր եմ առել, 5600 հմի դեղի պարտք եմ մնացել, հիմի չգիտեմ ո՞նց էթամ փակեմ։ Երեք հատ ապտեկա կա, էդ մի կինն է, որ պարտքով տալիս ա»,- նշում է Սասունը։ Նա առաջիկա օրերին պետք է հիվանդանոց այցելի՝ գլխի հիվանդության համար հետազոտվելու։ Սակայն հույս չունի, որ մինչ այդ կկարողանա գումար հայթայթել։ «Պիտի կարողանամ չէ՞ գնամ, ո՞նց գնամ, ասենք թե 2000 դրամ ճարեցի գնացի-եկա, գնամ բժշկին բարև, բարի լո՞ւյս անեմ»։ Նրա կյանքը սակայն առաջ ուրիշ է եղել։ 8 տարի Թալինի գանձապետարանի գլխավոր մասնագետն էր, դրանից առաջ էլ աշխատել է ՄԱԿ-ի գրասենյակում։ Կնոջ մահից հետո աղջիկը որոշել է ապրել մոր հարազատների հետ։ Տունը, որում ապրում էր, նվիրել է  դստերը  ու տեղափոխվել մեկ սենյականոց այս կացարան։  Ցույց է տալիս  երկու համալսարանների դիպլոմները, որոնք միգուցե նրա համար աշխատանք պետք է ապահովեին։ Հիշում է նաև Թալինի քաղաքապետի պատասխանը՝ աշխատանք տրամադրելու խնդրանքին։ «Ասեց՝ արի զիբիլ թափի եսիմ ում հետ, ես մտքիս մեջ գիտե՞ս ինչ ասեցի՝ ասի մեղք ես դու»։ Իրավիճակից Սասուն Մարտիրոսյան  ելք չի տեսնում, միայն հստակ գիտի՝ կկարողանա  խնդիրները լուծել, երբ բուժվի։