«Ուզում է զինվոր դառնալ, բայց ի՞նչ է կերել այսօր, ոչ մի բան» (տեսանյութ)
Արդեն մի քանի օր Ծաղկալանջում բնակվող Պետրոսյանների խոսակցությունների առանցքը քամուց վնասված տանիքն է։ Նույնիսկ ընտանիքի 11-ամյա որդին է ելք փնտրում։ Այս տանը հինգ անչափահաս է ապրում, որից երկուսը՝ ընդամենը 4 ամսեկան։ Գուրգենն այսօր արդեն ցանկություններ ունի եւ նորածին քույրերի, եւ տան հետ կապված. «Որ իմ քույրերը շատ լավ լինեն: Տան հետ կապված, որ կռիշը ուղղվի, մեկ- մեկ անձրև է կաթում տանը»: Իսկ ընտանիքի հայրը՝ Համլետ Պետրոսյանը, նշում է, որ տանիքը զրոյից պետք է քանդել, հավաքել. «Նորից էլի մատերիալ առնել, այս պահին հնարավորությունն էլ չկա»: Տան հիմնական եկամուտը 52 հազար դրամ նպաստն է, որից 20 հազարով հոսանքի գումարն են մուծում: «Գազ չունենք, հիմնականում ամեն ինչն արվում է հոսանքով»: Համլետ Պետրոսյանը հույս էր ունեցել ընտանիքի հոգսերը այս շրջանում հոգալ հողագործությունից ստացված եկամուտով, սակայն երկու օր առաջվա կարկուտից հետո հայտնվել է անելանելի վիճակում: « Հույսներս լրիվ կտրել ենք եւ այդ վիճակում երեխաները պետք է ապրեն»,- ասում է Համլետ Պետրոսյանը: Ընտանիքը 3 մլն վարկ ունի: Մտածել են նորածիններին տրվող միանվագ նպաստով մարել պարտքերը, սակայն 3 մլն -ից տրամադրվել է միայն մեկ միլիոնը, մնացածը երեխաները կարող են ստանալ չափահաս դառնալուց հետո: «Չգիտենք վարկերը ոնց մուծենք, երեխեքին ոնց պահենք, կամ ընդհանրապես ոնց ապրենք»: Հայրը դիմել է նախարարությանը՝ գումարը արտահերթ ստանալու համար, սակայն մերժել են. «Այս երեխեն այսօր պետք է սնվի, որ նորմալ առողջ զինվոր դառնա, հյուծված զինվորը ո՞ւմ է պետք: Ի՞նչ հայրենիք պետք է պահի, հարցնում ենք ի՞նչ պետք է դառնաս, ասում է զինվոր, բայց ի՞նչ ես կերել ասում է ոչ մի բան»,- ասում է Համլետ Պետրոսյանը: Բազմազավակ ընտանիքի հայրը ուզում է, որ գոնե սառեցվեն վարկերը, մինչեւ երեխաները մի փոքր մեծանան եւ կինը կարողանա օգնել իրեն: Իսկ Արմավիրի մարզի Ծաղկալանջի համայնքի ղեկավար Մանվել Մկրտչյանը տեղեկացրեց, որ տանիքի նորոգման համար առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Պետրոսյանների ընտանիքին կտրամադրվի 100.000 դրամ: