Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի 22,4 մլն դոլար, իսկ Ադրբեջանին՝ 10,9 մլն դոլար

Քաղաքականություն
index7

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2017թ. ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որը ներառում է օգնություն Հայաստանին և տարածաշրջանին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Օրինագիծը պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը և ներառում է զեկույց սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին օգնություն տրամադրելու մասին: Մասնավորապես, SFOPS զեկույցում կարևորվում է լրացուցիչ օգնություն տրամադրման անհրաժեշտությունը «Սիրիայի և հարևան երկրների խոցելի բնակչությանը», որոնց մեջ են մտնում սիրիացի փախստականներ, քրիստոնյաներ և այլ փոքրամասնություններ, որոնք տուժել են Սիրիայի քաղաքացիական պատերազմից և հետապնդվել են Իսլամական պետության (ԻԼԻՊ) կողմից: Օրինագծի համաձայն, դրամական միջոցները «հասանելի կլինեն ներքին տեղահանված անձանց կամ փախստականների նշանակալի բնակչության հետ առնչված երկրների ծրագրերի համար»: Հանձնաժողովը նաև առաջարկում է ընդլայնել մարդասիրական ծրագրերն՝ ապահովելու այս խոցելի բնակչության համար ծառայությունների հասանելիությունը: Ի լրումն, Ներկայացուցիչների պալատը ներառել է բաժին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի վայրերի մասին, որտեղ դրամական միջոցներ են հատկացվում «ցեղասպանության հիշատակի վայրեր ստեղծելու և պահպանելու համար»: 2016թ. ֆինանսական տարվա նմանությամբ, այս տարվա հանձնաժողովի զեկույցը ևս ընդհանուր առմամբ չի նկարագրել Հարավային Կովկասի համար ֆինանսավորման չափերը, սակայն Սենատի հաստատած տարբերակում 24.1 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ ռազմական օգնություն է տրամադրվում Հայաստանին, ինչպես նաև կոչ է արվում շարունակել օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: «Մինչ Կոնգրեսն ավարտին է հասցնում Ներկայացուցիչների պալատի և Սենատի Հատկացումների օրինագծերը, Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է պայքարել հանուն Հայաստանի համար լրացուցիչ օժանդակության՝ կարգավորելու փախստականների ներհոսքը, որոնք փախչում են Սիրիայում բռնությունից, ինչպես նաև խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի վերակառուցմանն ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ավելի վաղ այս տարի, 33 կոնգրեսականներ նամակ էին հղել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին՝ ներկայացնելով տարածաշրջանի ֆինանսավորման և ռազմավարական խնդիրներ: Հանձնաժողովին ներկայացրած վկայությունում Արդունին համառոտ նշել էր ինը հիմնական ռազմավարական առաջնահերթությունները հայ համայնքի համար, այդ թվում `օգնություն տրամադրում Միջին Արևելքի քրիստոնյա հայերին, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Ըստ Արդունիի վկայության, «Համագումարը նաև կոչ է[ր] անում  ընդլայնել Միջին Արևելքում վտանգի տակ գտվող քրիստոնյա և այլ փոքրամասնությունների համայնքների օգնության ծավալները, հատուկ ուշադրություն դարձնելով մտահոգություններին՝ կապված Սիրիայում շարունակական անկարգությունների հետ, մասնավորապես մարտի դաշտի վերածված Հալեպ քաղաքի, որտեղ հայկական եկեղեցիներ և այլ հաստատություններ հարձակման տակ են»: Ներկայացուցիչների պալատի Հատկացումների օրինագիծը, Սենատի օրինագծի նմանությամբ, ևս պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական և այլ օգնություն տրամադրման համար: 1992 թ. Ազատության աջակցության ակտի 907 բանաձևն ընդունվել էր ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի թշնամական գործողությունների: