Արմեն Աշոտյանն՝ ընդդեմ «Համախմբում» կուսակցության
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գիտի, թե հատկապես որ շրջանակի վերլուծաբաններն են ոգեւորված ասում, թե Արցախի հարցի բանակցություններում հայկական կողմի դիրքերն այսօր լավ չեն. «Էդ վերլուծաբանների կարծիքները, որոնց դուք ասել եք, ուղիղ ասոցացնում եմ «Համախմբում» կուսակցության հետ»: Պարոն Աշոտյանի նկատած վերլուծաբանները չեն կարող վկայակոչել բանակցային գործընթացի մի փաստաթուղթ, որն անձամբ են տեսել. «Չկա այնպիսի փաստաթուղթ, որը հերքում է կամ հարցականի տակ է դնում ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության իրավունքը՝ պլեբիսցիտ, ռեֆերենդում կամ չգիտեմ ինչ եք դնում անունը»: Սակայն Բաքուն այսօր ոգեւորված է բանակցային գործընթացից, նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարարն է Բաքվում հայտարարում, որ շատ մոտ են լուծմանը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարն էլ ասում է, թե Սերգեյ Լավրովի փոխանցած տեղեկությունները դրական լիցքեր են հաղորդում Ադրբեջանին. «Աստված տա, որ Լավրովի խոսքերը համապատասխանեն իրականությանը»՝ ասում է Արմեն Աշոտյանը: Սակայն եթե փաստաթուղթը ավելի վնաս է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, պարոն Աշոտյանը հարց ունի՝ ինչու՞ Ադրբեջանն այս պահի դրությամբ չի բարձրաձայնում, որ ընդունում է գոյություն ունեցող ձեւաչափը: Գուցե ուզում է ավելին ստանալ բանակցություններից. «Ռուսերեն մի լավ ասացվածք կա, հա՞, делать хорошую мину при плохой игре: Կարծում եմ ադրբեջանական իշխանությունների հրապարակային ելույթները վատ խաղը լավով քողարկելու միտում ունեն»: Ըստ Հանրապետական փոխնախագահի, ընթացիկ քաղաքական հայտարարությունների հողեղեն դառնալուն դեռ պետք է սպասել. «Ընթացիկ քաղաքական հայտարարությունները որքա՞ն են մարմնավորվելու որոշումների մեջ, մենք կարող ենք տեսնել օրինակ փարիզյան հանդիպման ժամանակ, գալիք փարիզյան հանդիպման ժամանակ»: Ի դեպ, պարոն Աշոտյանն այլեւս չի ուզում խոսել այն մասին, թե ովքեր եւ ինչու վերջերս իրեն ծեծեցին Բելգիայի Լյուվեն քաղաքում. «Հայտարարություն եմ արել, գործ է հարուցված»: