Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը կաջակցի ՀՀ-ին՝ պայքարել հիվանդությունների դեմ

Հասարակություն
amn-1

Հայաստանն այսօր պատրաստ է վտանգավոր ախտածինների, կենսաբանական զենքերի և հիվանդությունների մոնիթորինգին, հետագծմանը, հետազոտմանն ու կասեցմանը՝ շնորհիվ ԱՄՆ-ի կողմից իրականացված մի շարք լաբորատորիաների վերազինման և արդիականացման։  Այդ թվում՝ 2016 թվականի հուլիսի 13-ին՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցավ կենտրոնացված համատեղ ազգային կառույցի բացումը  Երևանում՝  Առողջապահության նախարար դր. Արմեն Մուրադյանի, Գյուղատնտեսության նախարար պրն. Սերգո Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսի գլխավորությամբ։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կենտրոնական կառույցները տեղակայված են երկու շինություններում, որոնք կառուցվել և վերանորոգվել են ԱՄՆպաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորման շնորհիվ։ Շինարարությունն իրականացվել է Գործակալության կողմից իրականացվող՝ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ապահովել հատուկ վտանգավոր ախտածինների հետագծումն ու անվտանգ պահպանումը Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Ծրագիրն ամրապնդում է Հայաստանի՝ հիվանդությունների հայտնաբերման և մոնիթորինգի  կարողությունները, նվազեցնելով մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների բռնկումների ռիսկը։ «Այս նոր ազգային կառույցի բացումը և մեր համագործակցությունը Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ շահավետ է ոչ միայն Հայաստանի համար՝ ապահովելով երկրի անվտանգությունը, այլև ամբողջ աշխարհի համար՝ օգնելով հիվանդությունների տարածման դեմ պայքարում», - իր խոսքում նշեց դեսպան Ռիչարդ Մ․ Միլսը։  «Մենք գիտենք, որ ներկայիս գլոբալացված և փոխկապակցված աշխարհում հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Ուստի պետք է բոլորս համատեղ աշխատենք կենսաբանական զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ»։ Երևանում տեղակայված երկու ազգային կառույցների արդիականացումից զատ, ԱՄՆ-ը վերջերս ավարտին է հասցրել Տավուշի և Շիրակի մարզային լաբորատորիաների վերանորոգումը, իսկ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված ևս երեք կառույցների շինարարությունը կավարտվի 2017 թվականին։ Բոլոր նշված մարզային լաբորատորիաները կապված են լինելու Երևանի Կենտրոնական կառույցի հետ։ Նոր լաբորատորիաների կառուցումից, ինչպես նաև առկա լաբորատորիաների վերանորոգումից և վերազինումից զատ, ԱՄՆ-ը ուսուցում և սարքավորումներ է տրամադրում՝ Հայաստանի լաբորատորիաների աշխատակիցներին աջակցելու նպատակով։ «Այս նոր կենտրոնական կառույցները, որոնք հագեցված են ամենաարդի լաբորատոր սարքավորումներով և համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին, անձնակազմի համար կազմակերպվող շարունակական դասընթացների հետ մեկտեղ զգալիորեն կբարելավեն Հայաստանի կարողությունները՝ ողջ երկրի տարածքում հիվանդությունների բռնկումների հայտնաբերման, ախտորոշման և հաղորդման բնագավառում»,- նշեց դեսպան Միլսը, որին նոր կառույցի բացման արարողության ընթացքում ուղեկցում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը ներկայացնող Դր․Էլիզաբեթ Ջորջը։