«Պեպո»-ն կներկայացվի նորովի
Դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 191-ամյակն իր անունը կրող թատրոնում այսօր չեն նշում. Այստեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այդ պատճառով անգամ չեն կարող ներկայացմամբ հանդես գալ։ Փոխարենը ակտիվորեն աշխատանքներ են տարվում «Պեպո» ներկայացման հետ կապված, որով էլ պատրաստվում են սեպտեմբերին՝ արդեն վերանորոգված թատրոնում ներկայանալ հանդիսատեսի դատին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը։ Նշենք, որ «Պեպո» ներկայացման մեջ խաղալու են Սունդուկյան թատրոնի բոլոր դերասանները:Ներկայացման գեղարվեստական ղեկավարն Արմեն Էլբակյանն է: Պարոն Խոսրոևի խոսքերով՝ գործը նորովի է ներկայացված և կարծում է, որ հանդիսատեսի համար կլինի բավականին անսպասելի և հետաքրքիր. «Ներկայացումը ավանդական, հնաոճ չի լինի, կլինի այնպես, ինչպես այս ստեղծագործությունը Սունդուկյանը կգրեր այսօր»: Ընդհանրապես, ըստ Խոսրոևի՝ Սունդուկյանի թատրոնն ունի իր հանդիսատեսը, որը տարբերվում է մյուսներից։ Ներկայացման համար ընտրված նոր ձևը ոգևորել է ամբողջ դերասանական կազմին: Սեպտեմբերին նախկինում արդեն խաղացված ներկայացումների հետ միասին սպասվում են այլ նոր ներկայացումներ ևս, որտեղ ընդգրկված կլինեն նաև նոր, երիտասարդ դերասաններ: