ՀՀԿ-ականին կոռուպցիայի դեմ պայքարը չի բավարարում (տեսանյութ)
«Առաջիկայում հնարավոր է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ ամփոփելով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Նրա խոսքով՝ այս անգամ, որպես նախաձեռնող կողմ, հանդես է եկել Ֆրանսիան: «Հայտարարվել է ոչ միայն դեսպանների մակարդակով հանդիպում, այլեւ հենց նախագահ Օլանդի: Կարծում եմ, որ դա անպայմանորեն տեղի կունենա: Իհարկե, ես չեմ կարող ժամանակի եւ տեղի մասին նշել, բայց կարծում եմ, որ դրանք ժամանակին կհստակեցվեն եւ հայտարարությունների տեսքով կհնչեցվեն»: Գագիկ Մելիքյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ հարթակը Մինսկի խումբն է: «Նշանակու՞մ է, սա, արդյոք, որ մենք հրաժարվել ենք ՆԱՏՕ-ում քննարկել դա» հարցին պատգամավորը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: ՆԱՏՕ-ի բոլոր գագաթնաժողովներում ղարաբաղյան հարցի հետ կապված որոշակի քննարկումներ միշտ էլ եղել են: Այս գագաթնաժողովում էլ մեր արտգործնախարարի կողմից հնչեցվեց հայտարարություն, որ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ տեղի ունեցած բոլոր հանդիպումների որոշումները պետք է հարգվեն Ադրբեջանի կողմից՝ հատկապես հրադադարի պահպանումը եւ հետաքննության մեխանիզմների ներդրումը»: Անդրադառնալով ներքին խնդիրներին, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ իշխանությունների սկսած պայքարին, պատգամավորը նշեց, որ առայժմ դա իրեն չի գոհացնում. «Քայլեր են ձեռնարկվում կոռուպցիայի դեմ, սակայն ես կարծում եմ, որ դրանք դեռեւս բավարար արդյունքներ չեն ապահովում: Վստահ եմ, որ ավելի հստակ քայլեր կիրականացվեն ոչ միայն բանակաշինության, այլեւ Հանրապետության տարբեր ոլորտներում կոռուպցիան արմատախիլ անելու նպատակով»,-եզրափակեց նա: