Վահան Բաբայանը չի բացառում միացումը ՀՀԿ-ին (տեսանյութ)
Նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարին նորընտիր նախագահ Վահան Բաբայանը չբացառեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ միացումը իշխող Հանրապետական կուսակցությանը։ «Մեր ձգտումն է անպայման մասնակից լինել երկրի քաղաքական կյանքին և մասնակից դառնալ ամենակարևորը՝ բարեփոխումներին։ Ես ոչինչ չեմ բացառում այս պահին, բայց ես ձգտում ունեմ իրականացնելու առանձին մեր ծրագրային դրույթները։ Թե ինչպիսի՞ ռազմավարությամբ կամ մարտավարությամբ դա կիրագործենք, ցույց կտա ժամանակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը։ Իսկ արդյո՞ք նա մտավախություն չունի ի սկզբանե աջակցություն հայտնելով իշխող կուսակցությանը, ընտրություններին միայնակ մասնակցելու պարագայում ընտրազանգված կորցնել՝ հաշվի առնելով քաղաքացիների վերաբերմունքն իշխանությանը։ Վահան Բաբայանի պնդմամբ՝ այդ հարցն ամեն օր ինքը լսում է 48 անգամ ու պատասխանեց 48-րդ անգամ. «Հանրապետության նախագահը ունի բարձր վարկանիշ մեր երկրում այսօր, և չհաշված քննադատությունները, որ կարող են հնչել, դա դեռ չի նշանակում, որ իր քաղաքական բարեփոխումներին սատարելը մեզ կարող է բերել ոչ պոպուլյարություն»։ Հայաստանում այսօր կա 73 գրանցված կուսակցություն և Ռեֆորմիստների կուսակցությունը կլինի երրորդը՝ «Համախմբումից» և ԳԱԼԱ-ից հետո, որը կսպասի պետական գրանցման։ Արդյո՞ք հնարավոր չէր սեփական գաղափարներն իրականացնել այլ քաղաքական ուժի կազմում և հերթական կուսակցությունը չհիմնել։ Վահան Բաբայանի համոզմամբ՝ քաղաքական դաշտում իրենց կարիքը կա։ «Այս համագումարն ապացուցում է, որ կարիք կա նոր կուսակցությունների և նոր մարդկանց։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»։ Դեռ ոչ վաղ անցյալում գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահան Բաբայանն ասաց՝ որտեղից ֆինանսավորվելու իր կուսակցությունը՝ ժողովրդից. «Ցավոք սրտի մեր երկրում կուսակցությունների ձևավորումը այլ ձև է ընթանում, կոնկրետ կա մարդ, որը ֆինանսավորում է և ասում են այ՝ էս մարդու կուսակցությունն է։ Մենք դեմ ենք և գնում ենք հակառակ ճանապարհով։ Այս կուսակցությունը բոլորինդ է, ով այսօր ներկա է։ Այս կուսակցությունը կարող է լինել անգամ այն մարդկանցը, ովքեր անդամը չեն»,- դիմեց համագումարի պատվիրակներին։ Վահան Բաբայանը ճշգրտեց նաև իրենց հետագա հարաբերությունները մյուս քաղաքական ուժերի հետ։ «Մենք այսօրվանից սկսած չենք խոսելու որևէ կուսակցության մասին, ցեխ չենք շպրտելու որևէ կուսակցության վրա։ Մենք խոսելու ենք բացառապես մեր մասին»։ Նա նաև պարզ խոսեց կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշման մասին. «Ես ընտրում եմ Եվրասիական տնտեսական միությունը»։ Պատգամավորի համար առանձնահատուկ է Ռուսաստանը՝ մեր կյանքում ունեցած իր դերով. «Շատերը ապրիլյան պատերազմից հետո գնահատականներ են տալիս, բայց եկեք չմոռանանք, որ հայ-թուրքական սահմանը պահպանվում է ռուսական սահմանապահների կողմից, և թե Լեռնային Ղարաբաղում սպառազինությունների և ռազմական շատ-շատ հարցերի շուրջ մենք ունեցել ենք և ունենք ՌԴ-ի անմիջական աջակցությունը»,- հավելեց նա։ Ի դեպ, Վահան Բաբայանը «Բարգավաճ Հայաստանից» դուրս գալով՝ այնտեղից աջակիցներ է բերել նոր կուսակցություն։ Նրանցից է Գրետա Աֆրիկյանը, ով իր՝ ԲՀԿ-ից հեռանալը բացատրեց լոկ գաղափարական նկրտումներով։ Տիկինը չթաքցրեց իր հիացմունքը նոր առաջնորդով։ Ավելացնենք, «Ռեֆորմիստներ» կուսակցության այսօր գումարված հիմնադիր համագումարին մասնակցում էր մոտ 200 պատվիրակ, Վահան Բաբայանի՝ կուսակցության նախագահ ընտրվելուն չընդդիմացավ նրանցից և ոչ մեկը։ Մանրամասները՝ տեսանյութում