Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց
Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղից հետո հրաժարական տվեց: «Քանի որ ինձ չհաջողվեց լուծել թիմի առջեւ դրված խնդիրը, ուստի ճիշտն այն է, որ ես հրաժարական տամ: Թիմ պետք է գա այնպիսի մարդ, որը կկարողանա ավելի լավ ղեկավարել այն: Այս պահին կարողացա անել այսքանը: «Փյունիկին» ցանկանում եմ նոր հաջողություններ եւ ամենայն բարիք», - ետխաղյա մամուլի ասուլիսին ասաց անվանի ֆուտբոլիստը: Հավելենք, որ «Փյունիկն» այսօր Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Եվրոպայի» հետ պատասխան խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ, սակայն երկու հանդիպումների արդյունքներով դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մեկ շաբաթ առաջ պարտվել էր 0:2 հաշվով: Արդյոք միայն դա է Սարգիս Հովսեփյանի հրաժարականի շարժառիթը, թե կան նաեւ այլ պատճառներ, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ «Փյունիկը» ներկայումս գտնվում է խաղային եւ կադրային ճգնաժամում: Հայաստանի գալիք առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը մեկ ամիս, ինչն այնքան էլ շատ ժամանակ չէ նման խնդիրները լուծելու համար: