«Հիմա կարեւոր է բազային թիմ ստեղծելը». Տիգրան Գյոկչյան
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը կարծում է, որ նոր ու մեծ հաղթանակների համար հարկավոր է ստեղծել բազային թիմ: «Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը՝ սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարեւոր է բազային թիմ ստեղծելը, որ կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն եւ կլավացնեն հավաքականի արդյունքները», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է փորձառու մասնագետը: Հիշեցնենք, որ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջերս առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ գրավել է առաջին տեղը եւ իրավունք ստացել մասնակցելու Եվրոպայի 2017թ առաջնության ընտրական փուլին: