Ռուսաստանի հետ հակասություններ ապագայում էլ կլինեն. ՀՀԿ-ական (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր մեկնաբանեց,թե ինչ է նկատի ունեցել նախկինում՝ ղարաբաղյան պատերազմին Պուտինի մասնակցության մասին խոսելով. «Չեմ հիշում՝ ինչ բառերով եմ ասել, բայց մոտավորապես այսպես եմ միտքս ձևակերպել. լինում են դեպքեր, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև շահերի բախում է լինում։ Ռուսաստանը մտրակի և մեղրի քաղաքականություն է վարում։ Բայց երբ կոնտեքստից մի քանի բառ կտրում ես և ներկայացնում, կարող է այլ կերպ հասկացվել։ Գուցե Ռուսաստանին ձեռնտու է եղել պատերազմը, բայց կտրել կոնտեքստից և այդպես ներկայացնել, ճիշտ չէ»։ Պատգամավորը շեշտեց՝ ինքը միշտ էլ հայ-ռուսական բարեկամության կողմնակից է եղել։ Սակայն նաև շեշտեց. «Համոզված եմ, որ ապագայում էլ լինելու են դեպքեր, երբ հակասություններ են լինելու մեր միջև։ Մենք հույսներս պետք է առաջին հերթին դնենք մեզ վրա»,-ասաց պարոն Ալեքսանյանը։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, թե մյուս կողմից ռուս-թուրքական հարաբերություններն են մերձեցել։ «Նրանք դաշնակիցներ են։ Իսկ մենք օրինակ ՀԱՊԿ-ում գերի ենք։ Մեր և Ղրղզստանի, մեր և Ղազախստանի շահերը չեն համընկնում»,-ասաց նա։ Պարոն Արշակյանը կանխատեսում է նաև, թե ինչ է լինելու այդ երկու երկրների հետ. «Ռուսաստանը կամ դառնում է ժողովրդավար, կամ մնալու է թաթար-մոնղոլական մի միություն։ Իսկ Թուրքիան ավարտել է իր առաքելությունը և շուտով կկործանվի, քանի որ այդ երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան»։ Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, ՀՀԿ-ականը նշեց. «Մեր խնդիրն է հիմնավորել, որ տարածքային ամբողջականությունը պետք է ստորադասվի ինքնորոշմանը։ Ղարաբաղը գուցե միանա Հայաստանին, գուցե ինքնորոշվի առանձին, ինչպես օրինակ Կոսովոն»։ Խոսելով ներքաղաքական հարցերից, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ստեղծումից, Լեռնիկ Ալեքսանյանը շեշտեց. «Համամիտ չեմ, որ նոր ուժեր են ի հայտ եկել, քանի որ այդ մարդիկ 25 տարի քաղաքականության մեջ են եղել։ Մեզ մոտ խիստ ընդդիմության պակաս կա։ Եվ այն ուժը կդառնա իրական ընդդիմություն, որը շոուները կկրճատի և կգնա ծրագրերի իրականացման»։ Ազատ Արշակյանն էլ իր հերթին ասաց. «Նոր ուժերը պետք է գան, որպեսզի հակապետական ուժերը հեռացվեն»։