Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» սկանդալային խաղում հաղթեց «Սանտա Կոլոմային»

Սպորտ
a1alashkert

Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմային» եւ վստահ մտավ հաջորդ փուլ:   Ավաղ, հանդիպումը սկանդալային ստացվեց: Հանդիպման գլխավոր մրցավար Ալեքսանդր Ալիեւը չկարողացավ ժամանակին զսպել ֆուտբոլիստների կրքերը եւ ստիպված երեք կարմիր քարտ ցույց տվեց՝ մեկը մեր, երկուսը՝ անդորացի խաղացողներին:   Խաղավարտից հետո նոր ընդհարում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որն ավելի թեժացրին երկրպագուները, որոնք պլաստմասյա շշեր նետեցին հյուրերի ուղղությամբ: Դա, ինքնին, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի խախտում է եւ «Ալաշկերտին» լուրջ պատիժ է սպասում:   Ետխաղյա մամուլի ասուլիսին «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը հիմնականում դժգոհեց մրցավարությունից եւ … «Ալաշկերտի» իր գործընկերից:   «Մրցավարությունը շատ վատ էր: Նրանք գողացան մեր հաղթանակը: Երկրորդ գոլի ժամանակ մրցավարը պարզապես ծիծաղեց մեր վրա: Դժվար էր խաղալ 14 հոգու դեմ: Խաղից առաջ մեզ վիրավորել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը, որը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կճզմի մեզ», - ասաց անդորացի մարզիչը:   «Տեսաք մրցակցին: Առաջին րոպեներից խոտածածկին պառկած էին, դժգոհում էին: Ես ասել Էի, որ պատրաստ ենք լինելու սադրանքների: Մենք մրցակիցին ճթողեցինք օգտագործի թվային առավելությունը եւ միշտ բացահայտ առավելություն ունեինք: Պետք է հաղթեինք 6:0, այլ ոչ թե 3:0 հաշվով, քանի որ նրանք իրենց շատ վատ էին պահում: Ես չեմ վիրավորել կամ հայհոյել, այլ ասել եմ, որ ճզմելու ենք, այսինքն, հարձակվողական ենք գործելու, պրեսինգի ենք ենթարկելու», - հետխաղյա մամուլի ասուլիսում ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:   Երեւանի «Ալաշկերտը» մտավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ, որտեղ հանդիպելու է Վրաստանի այս տարվա չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 12-ին, Թբիլիսիում, իսկ երկրորդը՝ հուլիսի 19-ին, Երեւանում: