Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էս պետությունը մեծերի վրա փորձարկումներ է կատարում» (տեսանյութ)

Քաղաքականություն
toshakaru-1

79-ամյա Ռայա Հարությունյանի համար կյանքը վերածվել է ճշգրիտ թվաբանության, ապրում է հստակ հաշվարկներով՝ թույլ չտալով իրեն մեկ օրում 1000 դրամից ավելին ծախսել: «Ես իմ մեկ ամսվա 35 հազար թոշակս բաժանում եմ ամսվա 30 օրերի վրա, փորձում տեղավորվել մեկ օրում 1000 դրամ ծախսելով, օր է լինում դա էլ չեմ ծախսում: Մեկ-մեկ ինձ թվում է, էս պետությունը մեծերի վրա փորձարկումներ է կատարում, կդիմանան,  թե՞ չէ…Մեր ստացած 35 հազարը, իրենց մի ժամվա ծախսած գումարն էլ չի անում, իրենք կապրե՞ն,  սա նվաստացում է, մարդու տեղ չեն դնում, մեզ վրա թքած ունեն»,-ասում է Էջմիածնում բնակվող, միայնակ թոշակառու Ռայա Հարությունյանը: tatՆա ապրում է խորհրդային «լավ»  հիշողություններով, պատմում է իր հարուստ աշխատանքային կենսագրությունից ու վստահեցնում. այն ժամանակ կյանքն ուրիշ էր, ավելի լավ էին ապրում։ «Հինգ տարի աշխատել եմ գորգերի գործարանում, հետո տեղափոխվեցի շինարարություն: Էջմիածնի N2 Շինվարչությունում, որպես բանվոր եմ աշխատել 20 տարի: Գիտեք ինչ ուժ ունեի, ու ոնց էի աշխատում: Բետոն էինք անում, գաջ քսում, քար բարձրացնում՝տղամարդու գործ, ու ստանում էի 100 ռուբլի աշխատավարձ: Հետո մի քիչ որ մեծացա, էլ չէի ձգում ու տեղափոխվեցի աշխատելու Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որպես սանիտարկա: Հերթափոխով էի աշխատում, ստանում է 80 ռուբլի աշխատավարձ, այստեղ էլ աշխատեցի մի 15 տարի»,-հիշում է  Ռայա Հարությունյանը: Շինարարությունում աշխատելու տարիներին  նա բնակարանային բարելավում ծրագրով 1974 թվականին պետությունից ստանում է մեկ սենյականոց բնակարան, որտեղ էլ առ այսօր շարունակում է ապրել միայնակ։ Այդպես էլ չի ամուսնացել ու չի ունեցել երեխաներ։ «Ովքեր հատկապես միայնակ են, իրենց համար շատ դժվար է ապրելը պետության տված կոպեկներով: Սկզբում իմ թոշակը 20 հազար դրամ էր, մի անգամ 7000 –ով բարձրացրին՝ լավ էր, հետո՝ 5000-ով,  անցյալ տարի ընդհանրապես ոչ մի կոպեկ չբարձրացրին: Ամեն տարի հույսով սպասում եմ, որ հեսա կբարձրացնեն: Հիշում եմ մի քանի տարի առաջ էր, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2012 թվին թոշակները ամենապակասը պետք է լինեն 40 հազար դրամ, ու էդ հույսով ապրեցինք, ու մինչև հիմա 2016 թիվն է, այդ  40 հազարին այդպես էլ չենք հասել»,-ասում է Հարությունյանը: Պատմում է, որ հիպերտոնիկ հիվանդ  է, երեք անգամ սրտմկանի ինֆարկտ է տարել, տարբեր տեսակի դեղեր է խմում ամեն օր, որոնց համար բավականաչափ գումար է ծախսում: «Ահագին դեղեր խնայում եմ՝չեմ գնում,  արդյունքում ֆիզիկապես սկսում եմ ինձ լավ չզգալ, իսկ եթե թոշակս մի քիչ շատ լիներ, համարձակ կծախսեի դեղորայքի վրա:  Հենց թոշակս ստանում եմ առաջինը վազում եմ դեղատուն, մի 5000-ի դեղորայք եմ գնում, հետո գնում եմ խանութ՝ վերմիշել, բրինձ, յուղ ու ձեթ  եմ առնում, որ նեղը չընկնեմ,  թե չէ ումի՞ց ուզեմ ամսվա կեսից, եթե վերջանա: Շատերն են գնում խանութներից գրվում վերցնում,  հետո թոշակին տանում ու փակում, բայց ես չեմ անում նման բան, ես իմ վերմակի գյորա եմ ոտքս գցում: Էս ձախ աչքս էլ բոլորովին չի տեսնում, փառակալել է, բայց առանց գումարի ու՞ր գնամ, ու՞մ դիմեմ: Քառասուն տարի աշխատել եմ էս երկրի համար, էսօր էս վիճակում»,-հուզված ասում է Ռայա  Հարությունյանը: Նա նորից հաշվում է 35 հազար դրամը կենսաթոշակը և բացատրում, որ եղած գումարից ամեն ամիս 1500 դրամ վճարում է էլեկտրաէներգիայի վարձը, (ձմռանը ավելի շատю 2500-3000), ջուրը ծախսում է խիստ խնայողաբար, ամիսը հազիվ 500 դրամի, դեղորայքի վրա՝5000 դրամ, մնացածն էլ սննդի: «Միս գրեթե չեմ առնում, մեկ-մեկ թե ինձ թույլ տամ խանութի աղացած միս եմ առնում, կամ հավի բուդ, ավելին չեմ կարող: Ամենապակասը գոնե  60 հազար դրամ պետք է ստանա թոշակառուն, որ իմանա ապրում է, մենք չենք ապրում, մի կերպ գլուխս պահում եմ, հենա որ սովետի հին ոսկոր եմ՝դիմանում եմ: Ժամանակին լավ կերել խմել եմ, առանց մսի ո՞վ էր տեսել ճաշ եփեինք, գնում էի սանատորիաներ, ծովափ...»,-պատմում է նա: Մի քանի ամիս է` ինչ Ռայա Հարությունյանը տեղափոխվել է քրոջ որդու ընտանիքի հետ ապրելու, ասում է, որ այլևս չէր կարողանում միայնակ ապրել: «Առողջական խնդիրներս շատ են, էնքան անօգնական էի, ինձ ստիպելով են բերել էստեղ, իրենք էլ մեծ ընտանիք են, չէի ուզում նեղություն տալ, բայց էլի շնորհակալ եմ, որ ինձ նայում են, թե չէ հիմա ես վաղուց գոյություն չէի ունենա, իմ այդ 35 հազար թոշակով»,-հուզված ասում է Հարությունյանը: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ այսօր   Հայաստանում կա՝ 456 960 կենսաթոշակառու,  որոնց համար նախատեսված է 2016թ բյուջեով  նախատեսված է 223 մլրդ 769.5 մլն դրամ։ 2015 թվականին հաշավառված  էր 458 497 կենսաթոշակառուներ, որոնց համար նախատեսված  էր 225 մլրդ 626.9 մլն դրամ: