Անդորացիների հետ խաղում «Ալաշկերտ»-ին պետք է միմիայն հաղթանակ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը համոզված է, որ իր թիմը չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան խաղում չի կրկնի արտագնա խաղի սխալները: «Առաջին խաղում անդորացի ֆուտբոլիստները մոտ մեկ խաղակես գտնվում էին խոտածածկի վրա, անընդհատ դժգոհում էին մրցավարությունից, մեր խաղացողներից: Խաղը անընդհատ կանգնեցվում էր, ֆուտբոլ ընդհանրապես չկար: Մենք պատրաստ չէինք նման ընթացքին: Այժմ մենք լիովին պատրաստ ենք պատասխան խաղին եւ ոչ մի սադրանք չի կարող ազդել մեր վրա», - նախախաղային մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը: Աբրահամ Խաշմանյանը ամենեւին չի թերագնահատում «Սանտա Կոլոմային», չնայած այն սիրողական կարգավիճակ ունի: «Սանտա Կոլոման» իր պատմության ընթացքում 10 անգամ դարձել է չեմպիոն, 8 անգամ՝ գավաթակիր, վերջին 15 տարիներին մշտապես մասնակցել է եվրոգավաթների մրցաշարերին: Դա պատահականություն չէ, դա իրականություն է: Սակայն «Ալաշկերտի» առջեւ խնդիր է դրված հաղթել մրցակցին եւ մտնել հաջորդ փուլ», - նշեց ալաշկերտցիների գլխավոր մարզիչը: «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը նույնպես լավատեսորեն է տրամադրված խաղից առաջ: «Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական թիմերին, քանի որ նրանք մեզանից ուժեղ են: Սակայն մեր նպատակը հաջորդ փուլ մտնելն է: Հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը՝ մենք դեռեւս շանսեր ունենք», - մամուլի ասուլիսին ասել է անդորացի մասնագետը: Նշենք՝ «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» խաղը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմին հարկավոր է միմիայն հաղթանակ, քանի որ առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: