Ռազմական օդաչուից 1,5 մլն դրամ են պահանջում` թոշակը սխալ են հաշվել (տեսանյութ)
Նախկին ռազմական օդաչուից Կառավարությունը 1,5 մլն դրամ է հետ պահանջում: 83- ամյա Միքայել Պողոսյանը շտապում է դատարան, որտեղ նշանակված է նրա գործով դատական նիստը: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունից հետո, պարզվել է, որ ստաժն ավել է հաշվարկվել: « Ինչքան սխալներ ունեն՝ հերիք չի՞ ժողովրդից վերցնեն: Գազը գողանում են՝ ժողովրդից են վերցնում, լույսը թանկանում է՝ ժողովրդից են վերցնում, հետո էլ բյուջե են լցնում կոպեկներով, թող մի քանի տարի սպասեին, խնդիր չէր լինի: Չկա մարդ, չկա օրենք: Ինչի են հիմա ինձ չարչարում, բերում դատարան, ո՞ր մեղքիս համար»,- «Ա1+»-ին ասաց Միքայել Պողոսյանը: Նա նշում է՝ ոչ մի սխալ գործողություն չի կատարել եւ չի էլ մտածել, որ կարող էին իրեն ավել գումար տալ: Օդաչուներին ստաժը հաշվարկվում է թռիչքի ժամերով: «Իմը կազմում է 97 տարի: Ամիս է պատահել, որ 700 եւ ավելի ժամ թռել եմ, գիշեր- ցերեկ թռիչքների մեջ եմ եղել։ Աշխատողը սխալվել է իր հաշվարկների մեջ, ես իրեն չեմ մեղադրում, նա 45-50 տարեկան կին էր: Սովորել էր Լենինի կոմպյուտերով աշխատել, միանգամից նստացրել են կոմպյուտերի առաջ, ես որ նկատեցի՝ ոնց է այդ կոմպյուտերի վրա աշխատում, հիասթափվեցի» Ռազմական օդաչուն հիշում է, որ 90-ականների պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել: «Սովորեցնում էի ոնց թռնել, որ Շուշիից չխփեն: Այդքանից հետո մեղադրեն ինձ եւ կանչեն դատարան, վերցնեն այն, ինչ որ ես տալիս եմ դեղի գումար, տան վարձ»: Առողջական խնդիրների պատճառով ռազմական օդաչուն այնուհետեւ դադարեցրել է թռիչքները եւ սկսել երիտասարդ կադրեր պատրաստել: Այսօրվա դատական նիստը, սակայն, չկայացավ. դատավոր Ռուբեն Ներսիսյանը հարգելի պատճառով բացայակում էր: