«Հայկական շուկայում ավիաընկերությունների համար խոչընդոտ չկա» (տեսանյութ)
Քաղավիացիայի վարչությունը շարունակելու է բաց երկնքի քաղաքականությանը բնորոշ քայլերի իրականացումը. այսօր վստահեցրեց քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Այն փաստը, որ չնայած բաց երկնքի քաղաքականությանը՝ Հայաստանից շարունակում են հիմնականում թռիչքներ իրականացնել ռուսական ավիաընկերությունները, նա բացատրեց այսպես. «Մեր քաղաքացիները ավելի շատ գնում են Ռուսաստանի Դաշնություն, որովհետեւ այնտեղ մենք ունենք հսկայական Սփյուռք»: Նա վստահեցրեց, որ աշխարհում չկա որեւէ ավիաընկերություն, որը ուզենա մուտք գործել հայկական շուկա ու հանդիպի խոչընդոտների. «Ներկայումս նման բան չկա, բացառված է»: Սերգեյ Ավետիսյանը վստահեցրեց, որ բաց երկնքի քաղաքականությունը չի ենթադրում, որ Հայաստանը չպետք է ունենա տեղական ավիացիա. «Մենք ուղղակի չենք կարող ունենալ ազգային ավիափոխադրող, որը կօգտվի որեւէ արտոնությունից: Հայկական ավիափոխադրողը պետք է շուկայում գործի հավասար պայմաններում, ինչպիսին ունեն արտասահմանյան ընկերությունները»: