Երեք կարեւոր ուղերձ՝ Պապի կողմից (տեսանյութ)
Իրանագետ Վարդան Ոսկանյանը երեք կարեւոր հանգամանք է առանձնացնում Հռոմի Պապի՝ Հայաստան այցի հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ սրբազան քահանայապետի այցը մեր երկիրը մի նոր մակարդակի բարձրացրեց: «Առաջին կարեւոր հանգամանքն այն էր, որ Պապն իր տեքստում օգտագործեց «եղեռն» եւ «ցեղասպանություն» բառերը՝ դիտարկելով դրանք որպես հոմանիշներ: Նա, ըստ էության, մեկնարկ տվեց մի գործընթացի, որի շրջանակներում հետագայում շատ դժվար է լինելու բառախաղերի միջոցով խուսափել Ցեղասպանության իրավական գնահատականից: Երկրորդ՝ այս այցով հայաստանյան առաքելական եկեղեցին փաստացի հավասար կողմ է դասվում այնպիսի եկեղեցական հզոր կառույցի հետ, ինչպիսին է Հռոմի կաթողիկե եկեղեցին: Եվ երրորդ՝ Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես քաղաքական եւ պետական միավոր, Հարավային Կովկասի շարքային երկիր, այլ մի վայր, որը Հռոմի Պապն անձամբ է անվանում ուխտավայր»,-նշեց Ոսկանյանը: Իրանագետի խոսքով՝ Հռոմի Պապի հայաստանյան այցը լայնորեն լուսաբանել են նաեւ իրանական ԶԼՄ-ները՝ կարեւորելով հատկապես «ցեղասպանություն» բառի կիրառումն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Հռոմի Պապի այցի ընթացքում, որպես կրոնական հանդուրժողականության եւ տարբեր կրոններ դավանող երկրների լավագույն հարաբերությունների օրինակ Սերժ Սարգսյանը նշեց Իրանի հետ հարաբերությունները: Հայաստանն ինչ-որ առումով բարձրացավ Իրանի աչքում: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է դառնալ կարեւորագույն հարթակ, որի միջոցով Իրանի «դիվականացման» (իբրև դիվային երկիր ներկայացնելը-խմբ.) գործընթացը, որը տարիներ շարունակ գնում է Արեւմուտքում, կարող է թուլանալ»,-եզրափակեց նա: