Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԻԼԻԿԻԱՆ» ՍԿՍԵՑ ԻՐ ՆՈՐ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Լոնդոնի Սիթի շրջանի` Թեմզ գետի վրա գտնվող, հանրահայտ «St. Katharine's Dock» նավահանգստում տեղի է ունեցել «Կիլիկիա» նավի մեկնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը: ՀՀ դեսպանը նշեց, որ «Կիլիկիա» նավի մեկնման օրը` մայիսի 28-ը, պատահաբար չի ընտրվել եւ խորհրդանշում է իր նվիրական երազանքներին հասնելու հայի անկոտրում կամքն ու հետեւողականությունը: Նա համոզմունք հայտնեց, որ «Կիլիկիա» նավի անձնակազմի ցուցաբերած սխրանքն օրինակ կլինի բոլորին Հայաստանի Հանրապետությունը շենացնելու գործում:

Հայ-բրիտանական բազմակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը արտասանեց «Կիլիկիա» նավին նվիրված իր բանաստեղծությունը: Միջոցառմանը հնչեցին ՀՀ եւ ՄԹ օրհներգները, նավի վրա ՀՀ դեսպանը եւ բարոնուհի Քոքսը բարձրացրեցին ՀՀ եւ ՄԹ դրոշները, հանդես եկավ Սուրբ Եղիշե եկեղեցու երգչախումբը: Մեկնման միջոցառմանը հավաքվել էին հարյուրավոր մարդիկ:

Վերջին տասնհինգ օրվա ընթացքում համայնքային հաստատություններում կազմակերպվել էր «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի «Նավարկություն 7 ծովերով» ֆիլմի հինգ ցուցադրում: Մայիսի 25-ին BBC հեռուստաընկերությունը մի քանի անգամ անդրադարձավ «Կիլիկիա» նավին` հաղորդումներից մեկը ուղիղ եթերով հեռարձակելով «Կիլիկիա» նավից:

Առագաստանավի ժամանման առթիվ, հատուկ այդ նպատակով, բացվել էր Լոնդոնի Թաուերի կամուրջը (Tower Bridge):