81-ամյա մասնագետը մտավախություն ունի Եվրո-2016-ի խաղից առաջ
Այսօր երեք հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆը: Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին տեղի կունենա Շվեյցարիա – Լեհաստան հանդիպումը: Երկու թիմերն էլ առաջին անգամ են հանդես գալիս Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում եւ լավ հնարավորություն ունեն մտնելու քառորդ եզրափակիչ: Շվեյցարիայի եւ Լեհաստանի հավաքականները բավական համաչափ ֆուտբոլ են ցուցադրում, ուստի մասնագետները հավասար են գնահատում կողմերի շանսերը: Համենայնդեպս, բուքմեյքերներն ավելի շատ հավատում են ոչ-ոքի արդյունքին՝ 0:0 կամ 1:1: Ժամը 20:00-ին կկայանա առաջնության բրիտանական հերթական դերբին: Միմյանց հետ կհանդիպեն Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանիները: Երկու թիմերն էլ առաջին անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնությանը, ուստի 1/8 եզրափակիչ մտնելն արդեն մեծ հաջողություն է դրանց համար: Ճիշտ է, Ուելսի հավաքականի առաջատար հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է, որ իրենք Ֆրանսիա են ժամանել գլխավոր մրցանակին տիրելու նպատակով: Խմբային փուլում ուելսցիները հաղթել են Սլովակիայի եւ Ռուսաստանի հավաքականներին, եւ միայն Անգլիայի ընտրանուն են պարտվել, այն էլ վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով: Հյուսիսիռլանդացիները ընդամենը մեկ հաղթանակով են հասել փլեյ-օֆֆ, ուստի այս խաղում համարվում են ընդգծված ետնապահներ: Օրվա երրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն Խորվաթիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Խորվաթները բավական լավ տպավորություն են թողել խմբային փուլում, ուստի զարմանալի չէ, որ այսօր նրանք են ֆավորիտ համարվում: Պորտուգալացիներն առայժմ ոչ հաղթել են, ոչ էլ պարտվել առաջնությունում: Այդ խաղաղասիրությունը, սակայն, այլեւս չի գործի փլեյ-օֆֆում, ուստի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն եւ նրա խաղընկերները պետք է ցույց տան իրենց ամբողջ կարողությունները կազմակերպված մրցակցին հաղթահարելու համար: Ի դեպ, Խորվաթիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչը մտավախություն է հայտնել, որ պորտուգալացիները կարող է «գնեն» խաղը: «Դեռեւս 1982 թվականին ես ականատես եմ եղել, թե ինչպես են պորտուգալացիները «գնում» խաղը: Այն ժամանակ Զագրեբի «Դինամոյի» հետ հանդիպում էինք Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Նրանք կաշառել էին մրցավարներին, որոնք չհաշվեցին մեր խփած երկու մաքուր գոլերը: Նույն պատմությունը կրկնվեց, երբ իմ գլխավորությամբ Բոսնիայի ընտրանին անցումային փուլում հանդիպեց Պորտուգալիայի հավաքականի հետ», - ասել է 81-ամյա անվանի մասնագետը: