Հռոմի Պապը կճաշի միանձնուհիների հետ
Գյումրու մամուլի կենտրոնում ավարտվեց Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի համատեղ ասուլիսը։ «Այս այցը լավագույն օրինակն է եղբայրության, համագործակցության, որ առկա է մեր եկեղեցիների միջև։ Մեր ողջ ժողովուրդը և Հայաստանյայց հոգևոր դասը անհամբերությամբ էր սպասում Սրբազան Քահանայապետի այցին։ Մենք պետք է ամենքս մեր աղոթքները միախառնենք՝ հանուն մարդկային կյանքի խաղաղ ընթացքի»,-նշեց Վահրամ քահանա Մելիքյանը։ Ապա պապի խոսնակը սկսեց իր խոսքը՝ հիշեցնելով, որ առավոտյան Սրբազան Քահանայապետը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում. «Դա շատ զգացական պահ էր։ Պապը ճառ չարտասանեց այնտեղ. դա պարզապես մտորելու, խորհելու և աղոթելու պահեր էին։ Ֆրանցիսկոս պապի ոճն ավելի հարիր է լռությանը և աղոթքին, քանի որ շատ բառեր արդեն ասվեցին»,-շեշտեց Ֆեդերիկո Լոմբարդիի։ Նա շեշտեց, որ պատարագը սովորաբար եկեղեցում է մատուցվում, բայց հաշվի առնելով մարդկանց ստվար հատվածը, այսօր նման մեծ արարողություն տեղի ունեցավ Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Բացի այդ, պապի խոսնակը նշեց. «Պապի տեքստերում, ի տարբերություն երեկվա, փոփոխություններ չեղան»։ Հաջորդ անակնկալն, ըստ Լոմբարդիի, այն էր, որ պապը կաթողիկոսին հրավիրեց պապոմոբիլով զբոսնելու։ Լոմբարդինին ասաց. «Պիտի համաձայնեմ, որ Ֆրանցիսկոսի համար սա բարեբաստիկ ժամանակ է, ավելացնելով՝ նրա ուղերձները հեշտ ընկալելի են մարդկանց, նաև՝ նրա շարժուձևը։ Հայաստանում նա լեզվական խոչընդոտներ կարող էր ունենալ, բայց մարդիկ նրան լավ են հասկանում»։ Հռոմի պապի առաջիկա այցերի վերաբերյալ խոսնակը նշեց. «Պապն այցելելու է Գյումրիի միանձնուհիների վանք, որտեղ ճաշելու է նաև»։